Լեռնային Ղարաբաղի հարցով 2020 թվականի նոյեմբերին Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունը հետեւողականորեն իրականացվում է, տեսակապով ելույթ ունենալով «դավոսյան շաբաթի» շրջանակում, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Մենք ձգտում էինք հետեւել պայմանավորվածություններին, որոնք ձեռք էին բերվել ԵԱՀԿ ՄԽ շրջանակում, որի համանախագահներ են Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան», ասել է Պուտինը:


Հիշվում է՝ Նիկոլ Փաշինյանի՝ պատերազմի հանգամանքների վերաբերյալ հայտարարությանը հակադարձելով, ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հուսահատորեն հարցրել էր՝ ինչ է, Պուտինը ստո՞ւմ է։ Հայաստանյան ռուսահպատակների համար անպատկերացնելի է իհարկե, որ Պուտինը կարող է ստել։ Առավել եւս այն բանից հետո, երբ նոյեմբերի 9-ի համար նրանք 7/24 ռեժիմով երախտագիտություն են հայտնում Պուտինին։ Հետաքրքիր կլիներ իմանալ՝ նրանք համամի՞տ են Պուտինի այն հայտարարություններին, որ Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է, կամ որ նոյեմբերի 9-ի հայտարարության հեղինակն ինքն է։


Դրանց օրգանական շարունակությունն էլ Պուտինի այս վերջին հայտարարությունն է՝ թե Ռուսաստանը «ձգտում էր հետեւել պայմանավորվածություններին, որոնք ձեռք էին բերվել ԵԱՀԿ ՄԽ շրջանակում, որի համանախագահներ են Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան»։ Այսինքն, Մոսկվան գործում էր առանձին, բայց պահում էր ՄԽ-ում ձեռք բերված պայմանավորվածությունները։


Պուտինը ճի՞շտ է ասում։ Այսինքն, հայկական կանխորոշված պարտությամբ պատերազմը եւ Բերձոր-Շուշի գծով այն կանգնեցնելը Մինսկի խմբում պայմանավորվածությո՞ւն էր։ Այդ դեպքում ինչո՞ւ են ԱՄՆ-ն ու Ֆրանսիան հարցեր դնում Ռուսաստանի առաջ՝ մասնավորապես Արցախի դեօկուպացիայի ու կարգավիճակի, ինչպես նաեւ Թուրքիայի դերի մասին, ակնարկելով ռուս-թուրքական սեպարատ համաձայնություններով «հակամարտությունն ավարտելու» մասին։ Իսկ ուրիշ ի՞նչ մեխանիզմով պետք է Ղարաբաղում հայտնվեին ռուս խաղաղապահները։

Հայաստանի ղեկավարությունն իր ներկայիս խղճուկ վիճակում անգամ հայտարարում է, որ հակամարտությունն ավարտված չէ, քանի դեռ լուծված չեն կարգավիճակի ու տեղահանվածների հարցերը։ Հիմա Պուտի՞նն է ճիշտ, թե ՀՀ ղեկավարությունը։

Ռուսներն իրենց նոյեմբերի 9-ից հետո պահում են հանցանքի վայրում բռնված գողերի պես, եւ դա բոլորն են նկատել։ Անհնար է կեղծիքի վրա կառուցված քարոզչությամբ հավերժ ծածկել իրողությունները։

Աղբյուր՝ https://www.lragir.am/2021/01/28/617073/