Հայաստանից Ռուսաստան մեկնելու համար վերջին օրերին քաղաքացիների կողմից շատ հարցումներ են արվում։ Այս մասին Lragir.am-ը տեղեկացավ տուրիստական գործակալություններից։ Մարդիկ լսել են, որ փետրվարի մեկից արդեն դեպի Ռուսաստան ճանապարհը բացվում է։

Կառավարության նիստում այսօր տեղեկացվեց, որ մեկնարկում է «Ճամփորդիր առանց Coviod-19»-ի ծրագիրը։ Փետրվարի մեկից կորոնավիրուսի թեստ հանձնելուց ու բացասական թեստ ունենալուց հետո հայաստանցիները կարող են նաև արտագնա աշխատանքի մեկնել ՌԴ։

Տուրիստական գործակալություններն արդեն իրազեկվել են, որ ՌԴ ոչ բոլոր քաղաքներ է թույլատրվում ՀՀ քաղաքացիների այցելությունը։ Մասնավորապես, հետևյալ քաղաքներ կարող են մեկնել՝ Անապա, Վլադիվոստոկ, Եկատերինբուրգ, Կազան, Կալինինգրադ, Կրասնոդար, Կրասնոյարսկ, Մոսկվա, Նիժնեկամսկ, Նովոսիբիրսկ, Ռոստով, Սամարա, Սանկտ Պետերբուրգ, Սոչի, Ուֆա, Չկալովսկի։ Նշվում է, որ ՀՀ քաղաքացիները ճանապարհը կարող են հատել բացառապես օդային ճանապարհով՝ պարտադիր ունենալով 72 ժամ վավերականությամբ Covid-19-ի բացասական թեստը։

«Մենք երեկվանից մեծ թվով հեռախոսազանգեր են ստանում, մարդիկ նաև մեծ քանակությամբ տոմսեր են գնում»,- տեղեկացրեց «Շելբի տուր» ընկերության ղեկավար Մարինե Ավետիսյանը։ Նրա խոսքով՝ մարզերից են շատ զանգեր ու հարցումներ ստանում։

«Մեզ այսօր շատ են զանգել մարզերից, տոմսերը գնողների մեծ մասը ևս մարզերից են։ Նրանց մեծ մասը արտագնա աշխատանքի մեկնողներն են»,- ասաց նա։

Ավիատմոսի գները՝ դեպի Մոսկվա մեկ անձի համար՝ սկսած 85 հազար դրամից։ Ավիաընկերությունները սրան զուգահեռ չվերթները հաճախակիացրել են, վերջին օրերին թարմացված ցանկ են հրապարակել։

Մարինե Ավետիսյանի խոսքով՝ Ռուսաստանից Հայաստան վերադարձողները ևս պարտադիր Covid թեստ պետք է հանձնեն։ «Նախկինում կամ 14-օրյա մեկուսացում կար, կամ թեստավորում էր, բայց արդեն 15-20 օր է՝ միայն թեստավորումն է պարտադիր»,- նշեց նա։

Մարինե Ավետիսյանը նաև ասաց, որ տուրիստական ոլորտի ընկերությունները հույս ունեն, որ Ռուսաստանի ուղղությամբ ճանապարհների բացումը աշխուժություն կմտցնի նաև տուրիզմի ոլորտում։

«Արդեն Ռուսաստանից էլ զբոսաշրջիկներ կգան Հայաստան։ Նախկինում զբոսաշրջիկների համար բաց էր Հայաստանը, բայց չվերթները քիչ էին։ Հիմա չվերթների թիվը ավելանում է»,- ասաց նա։