Բաքվում ԱՄՆ դեսպանը հայտարարել է, որ ամերիկյան ընկերությունները պատրաստ են մասնակցել Ղարաբաղի վերականգնմանը, մասնավորապես ջրային ռեսուրսների կառավարմանը, ճանապարհային եւ այլ ենթակառուցվածքների ստեղծմանը:


Ավելի վաղ Բաքուն ու Անկարան հայտարարել էին, որ թուրքական ընկերությունները մասնակցելու են Ղարաբաղի հետպատերազմյա վերականգնմանը: Բաքուն նման խոստում է տվել նաեւ պակիստանյան ընկերություններին: Իրանը նույնպես պատրաստակամություն է հայտնել մասնակցել այդ աշխատանքներին:


Ուշադրություն է գրավում այն հանգամանքը, որ հայտարարվում է Ղարաբաղի տարածքի տնտեսական վերականգնման մասին: Դրա տակ փաստացի հասկացվում է 1994 թ. հրադադարի շփման գծով տարածքների այն մասը, որն անցել է Բաքվի վերահսկողության տակ: Այսինքն, դա ընկալվում է որպես Ղարաբաղի տարածք: Հնարավոր է՝ դա ուղղված է հետագայում հայկական մնացած մասն այդ ծրագրերին «ինտեգրելուն», եւ թե այս, թե այլ հնարավոր տարբերակներում դրա մեջ անկասկած որոշակի ինտրիգ կա:


Ռուսաստանը կարծես թե պաշտոնապես չի հայտարարել նման մտադրության մասին, միեւնույն ժամանակ Մոսկվան փորձում է «բռնել գլխից»՝ վերահսկել հաղորդակցությունները՝ ստանձնելով դրանց անվտանգության երաշխավորի դերը, որը Մոսկվայի մտահղացմամբ՝ հնարավորություն կտա վերահսկել «վերականգնումը»:

Ղարաբաղի տնտեսական վերականգնման տակ փորձագետները տեսնում են աշխարհքաղաքական մրցակցություն Կովկասում: Այսինքն, այս ծրագրերը եւ մրցակցությունը հնարավոր են դարձել Հայաստանի հաշվին, ինչը բացատրում է 2020-ի պատերազմի հանգամանքները: Տարածքների՝ Հայաստանի վերահսկողության հանգամանքը խանգարող գործոն էր շրջանի բոլոր երկրների համար, քանի որ այդ պարագայում առաջանալու էր «միջազգային իրավունքի» խնդիրը, ըստ որի՝ Պուտինի մեկնաբանմամբ՝ «Ղարաբաղն Ադրբեջանի տարածք է»:

Հիմա այդ խոչընդոտը վերացել է համատեղ ջանքերով, եւ սկսվում է թերեւս ամենահետաքրքիրը՝ այս երկրների միջեւ մրցակցությունը՝ դրանից բխող հետեւանքներով: Դրանց ոտնատակ չգնալու համար Հայաստանը շտապ պետք է նոր ու ադեկվատ իշխանություն ձեւավորի՝ Նիկոլ+17-ից դուրս, կարգի բերի բանակը, վերջ տա կապիտուլյանտական ողբասացությանը եւ պատրաստվի վերականգնել քաղաքական սուբյեկտությունը: Ղարաբաղի դեմ ահաբեկչական պատերազմի բոլոր մասնակիցները չափազանց ծանր գին են վճարելու:

Աղբյուր՝ https://www.lragir.am/2021/01/28/617104/