Bellingcat-ը (Զանգ կատվի համար/Մկների Ժողով) եւ The Insider-ը նոր բացահայտում են արել՝ նրանք պնդում են, որ ռուս ընդդիմադիր գործիչ Նավալնիի թունավորման գործով իրենց հետաքննության ֆիգուրանտները՝ ՌԴ ԱԴԾ (ՖՍԲ) գործակալները կարող են կապված լինել երեք գործիչների՝ լրագրող Թիմուր Կուաշեւի, Նոր Ռուսաստան շարժման առաջնորդ Նիկիտա Իսաեւի եւ ակտիվիստ Ռուսլան Մահոմեդռահիմովի սպանությանը։
Սպանություններով զբաղված ռուսական իշխանությունների վարքի մեջ մեզ հետաքրքրող մասնավոր մի բաժին կա: Ռուսլան Մահոմեդռահիմովը լեզգիական Սադվալ նշանավոր շարժման ղեկավարներից էր եւ պայքարում էր իր ժողովրդի իրավունքների համար, թե՛ այսպես կոչված Ադրբեջանում, թե՛ Ռուսաստանում։ Նա սպանվել է 2015-ին։
2020-ի նոյեմբերի 9-ին Բաքվի Գոբուստան բանտում սպանվել է Թալիշական ազգային շարժման առաջնորդ Ֆահրադդին Աբոսզոդան։ Նա ձերբակալվել էր Մոսկվայում 2018-ին, եւ 2019-ին, չնայած ռուսական դատարանի որոշմանը, որով մերժվում էր Աբոսզոդային Ադրբեջանին արտահանձնելու ՌԴ գլխավոր դատախազության պահանջը, նրան հանձնում են Բաքվի իշխանությունների ուղարկած կոմանդոյին։ Բաքվում նա դատապարտվում է 16 տարվա ազատազրկման։
Աբոսզոդայի, ինչպես նաեւ համաձայն Bellingcat/The Insider-ի, լեզգի առաջնորդի սպանության մեջ Ռուսաստանն ուղիղ պատասխանատվություն է կրում։ Ուշադրության արժանի են տարեթվերը․ Ռուսլան Մահոմեդռահիմովը սպանվել է 2015-ին, երբ մեկնարկեց Ռուսաստանի «նոր արտաքին քաղաքականությունը»՝ Թուրքիայի հետ համագործակցությամբ հակաարեւմտյան կուրսը, որի հանգրվաններից մեկը 2020-ի արցախյան պատերազմն էր։ Թալիշ առաջնորդ Աբոսզոդան սպանվեց եռակողմ հայտարարության ստորագրման օրը։
Անկասկած, սրանք պատահական համընկնումներ չեն։ Ռուսական ռազմավարությունը չի սահմանափակվում միայն Հայաստանի «Լավրովյան» հայաթափումով: Երբ 1994 թվականին կնքվեց հրադադարի մասին Բիշքեկի քառակողմ արձանագրությունը, ռուս փորձագետների խոստովանությամբ, ՌԴ հատուկ ծառայությունները «հանձնեցին» Թալիշ-Մուղան հանրապետության ակտիվիստների ընդհատակյա կառուցվածքները:
Նույնը կատարվում է լեզգիների պարագային, ՌԴ հատուկ ծառայությունները Բաքվի հատուկ ծառայություններին արտոնել են գործել Դաղստանի լեզգիաբնակ շրջաններում, տրամադրելով լայն տեղեկատվություն լեզգիների Սադվալ շարժման ակտիվիստների մասին։
1994 թվականին ռուսական այսպես կոչված «Ադրբեջան» նախագիծը փրկվեց առնվազն երեք մասի տրոհումից: 2020-ին հայկական հաղթանակի պարագայում Ադրբեջանը կրկին կանգնելու էր այդ հեռանկարի առաջ, ընդ որում Ռուսաստանին առհասարակ բաժին չէր մնալու։
Հայկական եւ պարսկական բաժիններին ավելանում էր թուրքական բաժինը: Բնականաբար, հայկական էլիտան իր գավառական ծագման բերումով ի վիճակի չէր նման ստրատեգիական գիծ իրականացնել: Արդյունքում հիմա Մոսկվան է քաջալերում Բաքվի լկտի պահանջները եւ երաշխավորում պայմանավորվածությունների կատարումը Արցախում եւ ՀՀ տարածքի վրա։
Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/01/28/617322/