ՀՀ կենտրոնական բանկը բավականին արդյունավետ կարգավորում է դրամի փոխարժեքը, սակայն, միեւնույն ժամանակ, երկրում անորոշություն է տիրում: Այս մասին հունվարի 29-ին Երեւան-Մոսկվա տեսակամուրջի ընթացքում հայտարարեց տնտեսագետ Աշոտ Թավադյանը:

Նրա կարծիքով` այս առումով չեն բացառվում ՀՀ դրամի փոխարժեքի որոշակի տատանումներ, սակայն էական փոփոխություններ չեն լինի: Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը հավելեց, որ դժվար է կանխատեսել, թե ինչպիսին կլինի փոխարժեքը, սակայն կարելի է նշել այն գործոնները, որոնք ազդեցություն կունենան:


«2021 թվականին չի կարելի բացառել նաեւ հայկական դրամի կայունությունը, քանի որ մուտքեր կլինեն ոչ միայն մասնավոր տրանսֆերտների, այլ նաեւ Եվրասիական զարգացման բանկի եւ այլ միջազգային կազմակերպությունների ֆինանսական աջակցության տեսքով»,- պարզաբանեց փորձագետը:

Նշենք, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմի մեկնարկից հետո հայկական դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ աճել է մոտ 9 տոկոսով: