Lragir.am-ը գրում է. Հայկական բանակի օրվա առթիվ Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է Պաշտպանության նախարարություն։ Դրանից մի քանի օր առաջ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այցելել էր Գյումրիում հայ-ռուսական համատեղ ՀՕՊ-ի բազա ու ընդգծել հակաօդային պաշտպանության ոլորտում հայ-ռուսական փոխգործակցության ամրապնդման անհրաժեշտությունը։ Նախարարը հայկական երկնքի համատեղ պաշտպանությունը համարել է համագործակցության լավագույն օրինակներից մեկը։
Ինչպե՞ս է համատեղ ՀՕՊ-ը պահպանել հայկական երկինքը։ Արցախյան պատերազմից առաջ նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ երկինքը պաշտպանված չէր, բայց հիմա (2020 թվականի ամռանը) ամեն ինչ կարգին է։ Բայց արցախյան պատերազմը ցույց տվեց, որ հայ-ռուսական համատեղ ՀՕՊ-ն աշխատում է այնպես, ինչպես ռուսներն են ուզում, այլ ոչ թե հայերը։ Դրա հետեւանքով Արցախի երկինքը բաց էր անօդաչու սարքերի ու ինքնաթիռների համար, որոնք ամենամեծ հարվածն են հասցրել ու կանխորոշել ռազմական գործողությունների ելքը։
Համագործակցությունը կշարունակվի՞ նույն ոգով։ Անգամ Ռոբերտ Քոչարյանն է ասում, որ Հայաստանի «գործող իշխանությունները Հայաստանը Ռուսաստանի դաշնակցից վերածել են պրոտեկտորատի»։
Հիմնականում դա տեղի է ունեցել Ռուսաստանին անվտանգության գործառույթների ու հայկական բանակի նկատմամբ վերահսկողության աստիճանաբար փոխանցման հետեւանքով։ Գեներալ Մուրադովն անվտանգության ապահովման գործում ավելի մեծ դեր ունի, քան ԶՈւ Գերագույն գլխավոր հրամանատարը, ասել է Քոչարյանը։
Հայաստանն այլընտրանք ունի՞։ Ինչպես նշել է Իսրայելում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը, 2015 թվականին Իսրայելն առաջարկել է սպառազինություն մատակարարել, բայց Հայաստանը հրաժարվել է։ 2018 թվականին այն ժամանակ ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն ուղիղ տեքստով առաջարկել է ամերիկյան սպառազինություն գնել ռուսականի փոխարեն, որը «շատ ավելի որակյալ է»։ Բայց Հայաստանը նորից մերժեց՝ գերադասելով ռուսական կործանիչները, որոնց իմաստն այդպես էլ ոչ ոք չհասկացավ։
Օրերս Դավիթ Շահնազարյանը հայտարարեց, որ նոյեմբերի 3-ին եւ 11-ին Փաշինյանը մերժել է եվրոպական երկրներից մեկի առաջարկը դրոնների դեմ պայքարի համակարգեր մատակարարելու վերաբերյալ։ Ենթադրվում է, որ Ֆրանսիան էր առաջարկողը։
Ֆրանսիան միջուկային տեխնոլոգիաների համաշխարհային առաջատարն է, մինչդեռ Երեւան ժամանած Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարի հետ Նիկոլ Փաշինյանը խոսում էր փողի ու «տարածաշրջանային հաղորդակցությունների վերականգնման» մասին։ Չնայած Հայաստանի խորհրդարանում արդեն բացահայտ հարցեր են հնչեցնում միջուկային տեխնոլոգիաների զարգացման վերաբերյալ, որոնք կարող են Հայաստանի անվտանգության երաշխիքը դառնալ։
Ռուսաստանը, որը Թուրքիայի հետ դաշինքով հակաարեւմտյան կուրս է վարում, աստիճանաբար «զինաթափում է» Հայաստանի անվտանգության համակարգը։ Հիմա Արցախի Պաշտպանության բանակի վերացման ակտիվ աշխատանք է տարվում, որը կհանգեցնի Արցախի խաղաղ հանձնմանն Ադրբեջանին ռուս խաղաղապահների ծափահարությունների ներքո։
Երեկ Պաշտպանության նախարարություն էր այցելել նաեւ Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով հայկական բանակի վերածննդի անհրաժեշտության մասին։ Բայց եթե պաշտպանության նախարարը հայ-ռուսական ՀՕՊ-ի աշխատանքը համարում է համագործակցության լավ օրինակ, ո՞ր ուղղությամբ է զարգանալու բանակը։ Երեւանը պատրա՞ստ է ինքնուրույն որոշել իր անվտանգության համակարգը։ Թե՞ Երեւանը մտադիր է դառնալ ռուս-թուրքական դաշինքի գործիք ու փորձադաշտ, որը հիմա ամեն ինչ անում է, որ Հայաստանը մեկուսացնի արեւմտյան զենքից, էներգետիկայից ու լոգիստիկայից։
Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/01/29/617429/