Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը Դոժդ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ն գործակցում է Ռուսաստանի հետ Լեռնային Ղարաբաղի, Ուկրաինայի, Լիբիայի եւ Կորեայի հարցերով եւ ուզում է շարունակել երկխոսությունը:
Սալիվանը նշել է, որ վերջերս ֆրանսիացի գործընկերոջ հետ հանդիպման է եղել ՌԴ ԱԳՆ-ում: «ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու Ռուսաստանն այսպես կոչված Մինսկի խմբի համանախագահներ են, հանդիպմանը մեզ տեղեկացրել են Լեռնային Ղարաբաղում իրադարձությունների եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ հակամարտության դադարեցման մասին: Դա Ռուսաստանի կառավարության ու տվյալ դեպքում նաեւ Ֆրանսիայի կառավարության հետ ԱՄՆ-ի փոխգործակցության եւս մեկ օրինակ է՝ որպես Մինսկի խմբի համանախագահներ, եւ մենք ուզում ենք շարունակել մեր փոխգործակցությունն այդ հարցերով», – ասել է Սալիվանը:
Ըստ երեւույթին, խոսքը ՌԴ ԱԳՆ-ում դեսպանների հունվարի 14-ի հանդիպման մասին է, երբ հունվարի 11-ին Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումից հետո համաձայնություն ստորագրվեց հաղորդակցությունների վերաբերյալ, եւ Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Րյաբկովն ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի դեսպաններին հրավիրեց այդ մասին տեղեկացնելու համար:
ԱՄՆ դեսպանի «մեզ տեղեկացրել են դադարեցված հակամարտության մասին» ձեւակերպումը նման է սարկազմի: ԱՄՆ-ն կարծես ընդունում է Ռուսաստանի զեկույցը կատարված առաջադրանքի մասին: Վաշինգտոնում կարծում են, որ Մոսկվան լա՞վ է կատարել առաջադրանքի իր մասը: Թե՞ ինչ-որ բան այնպես չի գնացել:
Նույն հարցազրույցում Սալիվանը հիշեցրել է, որ դեռ Դոնալդ Թրամփի նախագահության օրոք ԱՄՆ-ի տրամադրած տեղեկության շնորհիվ Ռուսաստանում խոշոր ահաբեկչություն է կանխվել, եւ Ռուսաստան ղեկավարությունը երախտագիտությամբ է ընդունել դա: Դեսպանն ասում է, որ ԱՄՆ-ն շարունակելու է Ռուսաստանին տեղեկություններ տրամադրել ահաբեկչական սպառնալիքի մասին: Հիշեցնենք, որ Ղարաբաղում պատերազմի օրերին Վաշինգտոնը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում վարձկանների ու ահաբեկիչների տեղափոխման ու Թուրքիայի դերի մասին:
Դեսպան Սալիվանն ակնարկու՞մ է, որ ԱՄՆ-ն «պոստֆակտում» չի ընդունում տեղեկության տրամադրումը «դադարեցված հակամարտության» մասին, եւ ահաբեկչական սպառնալիքը պահպանվում է հատկապես Ռուսաստանի համար:
Հայաստանը, ինչպես եւ ԱՄՆ-ն հայտարարել է, որ հակամարտությունն ավարտված չի համարում, այլ ընդամենը՝ դադարեցված: Ընդ որում, հետագա քայլերի շուրջ Երեւանի ու Վաշինգտոնի հրապարակային շփումների մասին տեղեկություն չկա:
ԱՄՆ-ն դեռ 2015 թվականի դեկտեմբերին Հայաստանին առաջարկել է Ղարաբաղում մոնիտորինգի միջազգային մեխանիզմ ստեղծել: 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո ԱՄՆ-ն նորից առաջ է քաշել այդ գաղափարը Վիեննայի օրակարգի տեսքով: Բայց Երեւանը, հրապարակավ ընդունելով գաղափարը, իրականում Ռուսաստանի ու Ադրբեջանի հետ տորպեդահարել է այն՝ գերադասելով «ռուսական երաշխիքները»: