Ղարաբաղյան պատերազմի հանգամանքների ռուսական քարոզչության պարտադրած վարկածի մասն է նաեւ ԱՄՆ-ի «մեկուսացվածության» մասին թեզը, նաեւ Մինկսի խմբի անգործության համատեքստում: Մոսկվան մեղադրել է ԱՄՆ-ին այս հարցում, այդպիսով փորձելով արդարացնել իր սեպարատ համաձայնությունները Թուրքիայի հետ, այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո հարցեր դրեցին Ռուսաստանի առաջ՝ կարգավիճակի, օկուպացիայի, խաղաղապահների, Թուրքիայի դերի եւ այլնի մասին:
ՄԽ արեւմտյան համանախագահների բարձրացրած հարցերը փլուզում էին ռուսական «փրկչության» եւ չեզոքության թեզերը, նրան դարձնելով հակամարտության կողմ, ավելին՝ կողմ ընդդեմ Հայաստանի, բացահայտելով կատարված հանցագործության մասշտաբը:
Այս ֆոնին, հայկական շրջանակներում հարց է բարձրացվում, թե ինչու էր ԱՄՆ-ն, որը բավական ակտիվ էր ապրիլյան պատերազմի շրջանում եւ առաջարկել էր մոնիտորինգի մեխանիզմներ, որն ըստ էության Արցախի սահմանների ճանաչումն էր, այս անգամ անտարբեր: Ավելին, ռուս հայտնի փորձագետի խոստովանությամբ՝ ապրիլյան պատերազմը կանգնեցրել էր ԱՄՆ-ն, սպառնալով Արցախի միջազգային ճանաչմամբ:
2020-ի սեպտեմբերին Արցախի դեմ ահաբեկչական պատերազմը ռուսական պլանի իրագործման երկրորդ փորձն էր, որը տապալվել էր 2016-ին: Ինչ է կատարվել այս անգամ ԱՄՆ-ի դիրքորոշման հարցում, եթե հավատանք ռուս փորձագետի հայտարարությանը, որն անկասկած նաեւ ՌԴ նմանատիպ դերը 2016-ին «մաքրելու» որոշակի երանգներ է պարունակում:
Պետք է նկատել, որ Ղարաբաղի հարցով Մինսկի խումբը միակ հարթակն էր մնացել, որտեղ ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը գործակցում էին հավասար սկզբունքով: Միեւնույն ժամանակ, Ռուսաստանին հատկացված էր «սեւ աշխատանքը» ընթացիկ կառավարման առումով: Ստատուս քվոն պահվում էր մի կողմից առկա կոնսենսուսի, մյուս կողմից՝ մի շարք հարցերում, այդ թվում՝ խաղաղապահների կազմի վերաբերյալ տարաձայնությունների վրա:
2020-ին այս «հավասարակշռությունը» խախտվեց: Պատերազմի արդյունքով Պուտինն ու Ալիեւը հայտարարեցին, որ հակամարտություն այլեւս չկա, կարգավիճակի հարցը փակված է: Միեւնույն ժամանակ, սա հնարավոր էր միայն հայկական պարտության դեպքում, այդ թվում՝ ռուս խաղաղապահների ներկայությունը, ինչը բացատրում է Մոսկվա-Բաքու-Անկարա եռանկյունում համաձայնությունների եւ պատերազմի ելքի հարցը:
Պատերազմի հենց հաջորդ օրն այն ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարճ ու կցկտուր հայտարարություն արեց՝ «տեսնենք կարող ենք կանգնեցնել, թե ոչ»: Դա քարտ բլանշ էր Մոսկվային ու Բաքվին:
Թրամփի ընտրվելուց ի վեր չէին դադարում խոսակցությունները, որ նա Կրեմլի գործակալն է, եւ որ նրա վրա լուրջ կոմպրոմատներ կան ռուսական հատուկ ծառայություններում: Դա չի բացառվում, նկատի ունենալով Թրամփի աշխարհիկ բուռն անցյալը, երբ նա Միսս Ամերիկա մրցույթի սեփականատերն էր եւ նկարահանվում էր հեռուստատեսային ֆիլմերում: Միեւնույն ժամանակ, ռուս փորձագետներն ասում են, որ ԱՄՆ-ում իշխանության զսպման ու փոխադարձ վերահսկողության, «խորքային պետության» առկայության պայմաններում նախագահը չի կարող միանձնյա որոշումներ կայացնել, եւ Թրամփի ծառայությունները Մոսկվային հանգում էին տարբեր հարցերում առանցքային որոշումները մի քանի օրով ուշացնելուն կամ ձգձգելուն: Այդ օպերատիվ ժամանակահատվածն էլ բավարար էր Մոսկվային որոշակի գործընթացներ սկսելու կամ անշրջելի դարձնելու համար:
Արդյոք Ղարաբաղում էլ տեղի է ունեցել նույնը: Թրամփի այդ կցկտուր հայտարարությունը դրա վկայությունը կարող է լինել: Թրամփի հայտարարությունից 17 օր անց նրա պետքարտուղար Պոմպեոն հույս հայտնեց, որ հայերը կդիմանան հարձակումներին, եւ միայն նոյեմբերի 9-ից հետո Պետդեպը բարձրացրեց հայտնի հարցերը Ռուսաստանի առաջ:
Պուտինն ու Էրդողանն անկասկած ընտրել էին այն ժամանակահատվածը, երբ դեռ Թրամփն էր նախագահը, բայց արդեն կաղ բադիկի վիճակում: ԱՄՆ նոր վարչակազմը վերահաստատել է այդ հարցադրումները, եւ հարց է՝ արդյոք հետեւողական կլինի դրանց հարցում:
Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/02/02/618073/