Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 15-ին անց է կացրել ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված հանքարդյունաբերության ոլորտում 2012 թվականին իրականացված աշխատանքներին եւ 2013 թվականի անելիքներին:
Համապատասխան զեկույցներով հանդես են եկել ԼՂՀ Նախագահի խորհրդական, ակադեմիկոս Գրիգորի Գաբրիելյանցը, շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների վարչության պետ Վազգեն Միքայելյանը, երկրաբանահետախուզական եւ լեռնահանքային ձեռնարկությունների ղեկավարները եւ պատասխանատու աշխատողներ:
Իր խոսքում Նախագահ Սահակյանը նշել է, որ հանքարդյունաբերության ոլորտը մեր տնտեսության ամենաերիտասարդ, բայց ռազմավարական ու հեռանկարային ճյուղերից է, որն ունի խոստումնալից հնարավորություններ` դառնալու տնտեսության շարժիչ ուժն ու զբաղվածության կարեւոր աղբյուրներից մեկը եւ արդեն իսկ ապահովում է արդյունաբերական արտադրանքի ու պետական բյուջեի ընդհանուր մուտքերի պատկառելի մասը:
Ըստ երկրի ղեկավարի, վերջին տարիներին բավականին աճել են ոլորտում իրականացվող կապիտալ ներդրումների ծավալները` ինչպես պետական բյուջեի, այնպես էլ մասնավոր հատվածի հաշվին՝ կարեւոր համարելով ոլորտում մենաշնորհային դրսեւորումների բացակայությունը, ինչը խթանում է առողջ մրցակցությունը եւ տնտեսության դինամիկ զարգացումը:
Նախագահը հատուկ ընդգծել է, որ հանքարդյունաբերության զարգացումը պետք է ընթանա բնօգտագործման եւ շրջակա միջավայրի պահպանության նորմերի խստիվ պաշտպանությամբ: Երկրի ղեկավարը շեշտել է, որ եւ ընդերքը, եւ բնությունը Արցախի հարստությունն են, եւ մեկի զարգացումը չպետք է լինի մյուսի հաշվին՝ հավելելով, որ ապագա սերունդներին պետք է թողնել առողջ շրջակա միջավայր եւ դինամիկ զարգացող տնտեսություն:
Նախագահ Սահակյանը անդրադարձել է նաեւ ոլորտում առկա խնդիրներին ու անելիքներին եւ համապատսխան հանձնարարականներ տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին:
Խորհրդակցությանը մասնակցում էին ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, լեռնահանքային ոլորտի ներկայացուցիչներ, անվանի մասնագետներ Հայաստանից եւ արտերկրից, պաշտոնատար այլ անձինք: