Որոշակի ուղղվածության քաղաքական շրջանակներն ու լրատվամիջոցները գտել են խուճապ ու անելանելիություն տարածելու նոր թեմա։ Ցուցադրում են կադրեր Զվարթնոց օդանավակայանից, գտնում են նյարդային մարդկանց, նրանց հետ հարցազրույց անում, հետո, ինչպես ասում է Անդրանիկ Քոչարյանը, «օր ու գիշեր դուրս չեն գալիս Ֆեյսբուքից», որ ապացուցեն, որ Հայաստանից զանգվածային արտագաղթ է սկսվել։
Հայաստանից Ռուսաստան այսօր ընդամենը 4 չվերթ կա։ Նկատենք, որ անգամ կորոնավիրուսի օրերին օրական 2-3 չարտերային չվերթ կար, իսկ նախքան սահմանների փակումը Ռուսաստանից Հայաստան օրական չվերթների թիվը հասնում էր 20-ի։
Ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանն ասում է, որ այն, ինչ հիմա տեսնում ենք, սովորական աշխատանքային միգրացիա է։
Քանի՞ մարդ կարող է թռչել 4 չվերթով, կարելի՞ է դա զանգվածային արտագաղթ անվանել ու դրանից հիստերիա սարքել։ Ո՞վ եւ ի՞նչ նպատակով է ուզում հետպատերազմյան խնդիրներին ավելացնել ճամպրուկային տրամադրություններ ու հուսահատություն։ Դա լիովին տեղավորվում է Հայաստանից արտագաղթը խրախուսելու Ռուսաստանի քաղաքականության մեջ՝ սեփական ժողովրդագրական խնդիրների լուծման, այնպես էլ Հայաստանի դատարկման նպատակով։ Բանակը վերացնելու փորձերի կողքին վերջնականապես հրաժարվել «միացումի» գաղափարից ու ինքնիշխան քաղաքականության կառուցումից՝ Հայաստանում խրախուսվում է հիստերիան էժան տեսարաննների ու դրածոների օգտագործմամբ։
Երկում վիճակն առանց այդ էլ ծանր է, եւ այն, որ շատերի մոտ գնալու մտքեր են ծնվում, օրինաչափ է ներկայիս իրավիճակում։ Բայց դա հազիվ թե համընդհանուր միտում է։ Շատ մարդիկ անգամ չեն պատկերացնում իրենց կյանքը Հայաստանից դուրս։ Եվ ընդհանրապես, ժամանակն է հրաժարվելու մտքից, որ դժվարությունները հնարավոր է հաղթահարել երկրից հեռանալով։
Պարզապես ինչ-որ մարդիկ շատ են ուզում ապացուցել, որ Հայաստանն ապրելու տեղ չէ, որ բոլորը ձգտում են ռուսական անձնագրեր ստանալ։ Դա արվում է, որ հիմնավորվի արդեն իսկ հնչած գաղափարը Հայաստանի ու Ռուսաստանի միութենական պետության մասին։
Բոկշեւիկներն արդեն կեղտոտ դեր են խաղացել Հայաստանում՝ վերջ տալով Առաջին հանրապետությանը եւ թույլ տալով ռուս-թուրքական օկուպացիա 100 տարի առաջ։ Ժամանակակից բոլշեւիկները «մենշեւիկների» հետ ձեռք ձեռքի տված ուզում են եւս մեկ անգամ անել դա՝ ռուս-թուրքական պայմանագրի 100-ամյակի կապակցությամբ։
Քաղաքական շրջանակների առաջնային խնդիրներից մեկը ապագայի հեռանկարների հանդեպ հանրային վստահության ձեւավորումն է: Ընդդիմադիր պայքարը չի ենթադրում հարվածը պետության հիմքերին: Հայաստանում հուսահատություն տարածելու առաջադրանք կատարող շրջանակները պետք է մտածեն այս մասին: Դադարեցրեք հիստերիան ու գործով զբաղվել