Իմ քայլը խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն ասում է, որ Հայաստանը մնում է Արցախի անվտանգության երաշխավորը։ Ընդ որում, Ռուսաստանի ղեկավարությունը հայտարարում է, ընդհակառակը, տարածաշրջանում իրողությունների փոփոխության մասին, որ «Աղդամում ռուս-թուրքական կենտրոնը» եւ Արցախում ռուս խաղաղապահներն այդ իրողությունների արտացոլումն են։ «Նոր իրողություններում» չի հիշատակվում հայկական կողմը։ Երեւանը համաձա՞յն է տարածաշրջանում զրոյական դերի հետ։


Ռուբեն Ռուբինյանի խոսքը նման է ավելի շատ արդարացման։ Որովհետեւ եթե տարածաշրջանում իրողությունները փոխվել են, ապա պետք է փոխվի նաեւ տարածաշրջանում հարաբերությունների ինստիտուցիոնալ պլատֆորմը։ Հայաստանն ի՞նչ ձեւով է Արցախի անվտանգության երաշխավորը։ Երեւանը շարունակու՞մ է բանակցել Արցախի անունից Մինսկի խմբի շրջանակում։ Թե՞ նոյեմբերի 9-ի հայտարարությունից ու «նոր իրողությունների» ի հայտ գալուց հետո Հայաստանը կորցրել է նաեւ այդ դերը։

Հայկական լրատվամիջոցներում տեղեկություններ են հրապարակվում, որ Արցախի Պաշտպանության բանակը կարող է լուծարվել։ Կա նաեւ համատեղ հայ-ռուսական բանակի ստեղծման առաջարկ։ Ընդ որում, 2020 թվականի պատերազմի ժամանակ ու հետո Երեւանն այդպես էլ իրավական, քաղաքական ու օրենսդրական քայլեր չի ձեռնարկել, որոնցով կսահմաներ իր դերը Արցախի կարգավիճակի վերաբերյալ ապագա բանակցություններում։

Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո 26 տարիների ընթացքում թեեւ դանդաղ, բայց տեղի էր ունենում Արցախի ու Հայաստանի ինտեգրացիա, որոնք սկսել էին դիտարկվել մեկ ընդհանուր ռազմաքաղաքական միավոր։ Բայց քաղաքականապես դա չէր ամրապնդվում՝ Հայաստանն այդպես էլ չճանաչեց Արցախը, չհռչակեց միացման կուրս, Արցախի հետ անվտանգության համաձայնագիր չստորագրեց ու հայկական բանակը պաշտոնապես ներկայացված չէր Արցախում։

«Աճպարարությունը» հեշտ բացահայտվեց՝ Փաշինյանը, չնայած հավաստիացումներին, որ իրավունք չունի որոշել Ղարաբաղի բնակիչների փոխարեն, որոնք իրեն չեն ընտրել, նոյեմբերի 9-ին ստորագրեց եռակողմ հայտարարությունը։ Հավանաբար նրա՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ» բառերը հենց դա էին նշանակում, որ ինքն իրավունք ունի Արցախի անունից փաստաթղթեր ստորագրել։

Հիմա Հայաստանը կամ կրկին պետք է վերադառնա «անկախության խաղին» եւ հայտարարի, որ Արցախը Հայաստան չէ եւ վերջ, կամ էլ Փաշինյանը պետք է ստանձնի ողջ պատասխանատվությունը պատերազմում պարտության ու «նոր իրողությունների» ի հայտ գալու համար։ Այդ «իրողություններում» տեղ չկա Արցախի Պաշտպանության բանակի համար, եթե Երեւանն ասում է, որ Արցախի «անվտանգության երաշխավորն է»։

Բայց նոր իրողությունները հավերժ չեն։ Դմիտրի Մեդվեդեւը կոչ է արել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի ստեղծումը չդիտարկել որպես «երկարաժամկետ քաղաքականության տարր» տարածաշրջանում եւ «դավադրության տեսություններից մեկը»։ «Պարզապես պետք է ուշադրություն դարձնենք իրողություններին, որոնք գոյություն ունեն մեր տարածաշրջանում։ Իսկ իրողություններն այնպիսին են, որ այսօր այդ հարցը պետք է քննարկել Թուրքիայի գործընկերների հետ։ Թուրքիան մեր հարեւանն է ու շատ կարեւոր գործընկեր։ Եվ շատ մերձավոր երկիր Ադրբեջանի համար։ Այդ գործոնը հնարավոր չէ հաշվի չառնել», ասել է նա։

Այնպիսի տպավորություն է, որ Մեդվեդեւը մտքում քարտեզից ջնջել է Հայաստանը եւ երազում է երանելի պահի մասին, երբ ոչինչ չի խանգարի ռուս-թուրքական «նոր» գրկախառնությանը։

Մինչդեռ, Մոսկվայում են ԵԱՀԿ գլխավոր քարտուղար, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեն, որը պետք է արտաքին գործերի նախարար Լավրովի հետ քննարկի մի շարք հարցեր, այդ թվում՝ Ղարաբաղն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի վերսկսումը։ ԱՄՆ նոր պետքարտուղար Էնթոնի Բլինքենը դեռ թեկնածու եղած ժամանակ ասել էր, որ «Կոնգրեսի ու Պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ նոր վարչակազմը կպարզի Հայաստանի ու տարածաշրջանի անվտանգության պահանջմունքները»։ Էնթոնի Բլինքենը հավաստիացրել է, որ նոր խթան կհաղորդի ԱՄՆ ջանքերին՝ ուղղված ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ կարգավորման որոնումներին՝ ընդգծելով, որ որոշումը պետք է երաշխավորի Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն ու բացառի նոր պատերազմի բռնկումը։

Աղդամի ռուս-թուրքական կենտրոնը կդիմադրի՞ ԱՄՆ-ի՝ «անվտանգությունը երաշխավորելու» փորձերին ու արդյոք այդ գործընթացում Երեւանն իրեն կգտնի։

Աղբյուր՝ https://www.lragir.am/2021/02/02/618285/