Բացարձակ, մանիպուլիացիոն, անհարգալից սուտ է թե Հայաստանն այս պատերազմում կռվում էր Թուրքիայի դեմ կամ թե կռվում էր ՆԱՏՕ-ի երկրորդ բանակի դեմ։
Չկա նման բան։ Էժանագին, բայց աշխատող մանիպուլիացիա է, տկար ուղեղների լվացում և հիմարեցում։
Թուրքիան Հայաստանի դեմ չէր պատերազմում։ Թուրքիան որոշակիորեն մասնակցում էր պատերազմին։ Թուրքական ողջ բանակը ներգրավված չէր, բոլոր տեխնիկական միջոցները ներգրավված չէին, մասնակցող թուրքական զորքերը ծպտված էին ադրբեջանական համազգեստների տակ։
Նույն հաջողությամբ կարելի է պնդել, որ Հայաստանի դեմ պատերազմում էր նաև Սիրիայի հյուսիսի ահաբեկչական ողջ բանակը։ Բանակ չկար։ Կային ահաբեկչական զորամիավորումներ։ Դա դեռ բանակը չէ, դա դեռ ամբողջությունը չէ, դա դեռ երկրի կամ ոչ պետական խաղացողի ողջ զինուժը չէ։
Հայաստանը պատերազմում էր Ադրբեջանի դեմ, որին մեծապես ռազմուժով, օպերացիոն առումով և տեխնիկայով աջակցում էր Թուրքիան։ Բայց դա թուրքական բանակը չէ, դա, առավել ևս` «ՆԱՏՕ-ի երկրորդ» բանակը չէ։
Մանիպուլիացիան կիրառվում է` կանխամտածված, պլանավորված, վաղօրոք վաճառված պատերազմում պարտությունն արդարացնելու, այն թշնամու «հսկայական» ուժի հանգամանքի վրա բարդելու համար։
Աֆղանստանում 1989թ.-ին բանակ չունեցող մոջահեդները ջախջախեցին աշխարհի ամենահզոր բանակը` ԽՍՀՄ զինված ուժերը, հետագայում` ծանրագույն վիճակում դրեցին աշխարհի մեր օրերի հզորագույն բանակին` ԱՄՆ զինված ուժերին։
Վիետնամում Հյուսիսի աղքատ, բայց անչափ հանդուգն առաջնորդներ ունեցող ուժերը կարողացան դիմագրավել իրենց զանգվածաբար երկնքից հնձող ամերիկյան նեպալմին, էյջնթ օրնջին և այդ օրերի ամենահզոր ռումբերին ու հրթիռներին։ Նաև` ամերիկյան տասնյակ հազարանոց զորքերին, որ ունեին ամեն ինչ։ Իսկ հետո ... հետո ամերիկյան վերջին քաղաքացիներն ու Հարավի վերջին իշխանավորները Սայգոնից մազապուրծ եղան` միայն ամերիկյան ռազմական ուղղաթիռների շնորհիվ, որ իրենց վերջին թռիչքներն արեցին ԱՄՆ դեսպանության տանիքից։
Իսրայելցիները, չունենալով որևէ տեխնիկական կամ ռազմուժի առավելություն` երկու անգամ ջախջախել են արաբական տարածաշրջանային տերությունների` իրենց գերազանցող կոալիցիոն բանակները։
Եմենի չափազանց վատ զինված հութիները այդպես էլ համառորեն չեն պարտվում տարածաշրջանի հզորագույն և տեխնիկապես ամենաառաջադեմ բանակին` Սաուդյան թագավորության զինուժին, որ արդեն տարիներ շարունակ հողին է հավասարեցնում առանց այդ էլ չքավոր Եմենը։
Ուժեղի, մեծի և լավ զինվածի դեմ պատերազմում հաճախ, շատ հաճախ հաղթանակ են տանում հենց թույլերը, փոքրերն ու ճնշվածները։
Եթե, իհարկե ցանկանում են հաղթել, չունեն ներքին դավաճաններ, թշնամու դաշնակից դաշնակիցներ և չեն երազում պարտությամբ խաղաղության մասին։