«Մեր նպատակն այստեղ այս հողի վրա ապրելն է, կառուցելը, մինչև տեսնենք, թե այդ պետական լիազոր ու բանակցող մարմիններն ինչ են որոշում։ Էլի առանց մեզ են երևի որոշում կայացնելու։ Եթե երկիրը չունի գլուխ, գոնե մենք գիտենք, թե ինչ ենք ուզում։ Չենք ուզում իրենցից առանձնանալ, բայց դուրս է գալիս, որ մենք առանձնանում ենք դժբախտաբար», Լրագրին ասել է Աղավնոյի համայնքապետ Անդրանիկ Չավուշյանը։
Եթե այս անորոշության պայմաններում չլիներ Անդրանիկի ու գյուղի բնակիչների վճռականությունը, ռուսների ու թուրքերի հոգեբանական եւ ուղիղ գրոհների պայմաններում, Աղավնոն հիմա չէր լինի: Ընդ որում, կասկած չկա, որ այդ դեպքում ասելու էին, որ հայերն են հեռացել, նրանց ոչ ոք չի ստիպել: Նման դեպքեր արդեն եղել են:
Աղավնոն միակը չէ, Սյունիքի սահմանապահ համայնքներում նույն վիճակն է: Համայնքապետերն իրենց ժողովրդի հետ դիմակայում են, ցուցաբերելով իրավունքի գիտակցության, պատասխանատվության ու արժանապատվության բացառիկ օրինակներ, այդպիսով պահելով հազարավոր նահատակների հիշատակը:
Այս ֆոնին, Երեւանում կյանքը մտնում է «բնականոն հուն». քաղաքական դասի Նիկոլ+17 ձեւաչափում քննարկվում են ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցեր, շարունակվում են մեղավորների փնտրտուքն ու ռազբորկաները պատերազմի հանգամանքների շուրջ, մազոխիզմի սահմանները վաղուց հատած կապիտուլյանտական տրամադրությունների սերմանումը, ռուսական լափամանին հավատարմության ու երախտիքի հավաստիացումները:
Երեք ամիս է անցել, բայց ոչ խորհրդարանում, ոչ քաղաքական դասի շրջանակներում, ոչ «մտավորականների» զանազան հարթակներում չեն քննարկվում հարցեր, ծրագրեր, որոնցից կախված է երկրի ապագան՝ հայկական իրավունքների ու պատասխանատվության, Արցախի կարգավիճակի, դեօկուպացիայի եւ այլ հարցերը: Իրավունքի գիտակցության, արժանապատվության իսպառ բացակայություն: Նոյեմբերի 9-ը դեռ պարտություն, առավել եւս կապիտուլյացիա չէր, կապիտուլյացիան ձեւակերպվում է այս ամիսների ընթացքում՝ վերը նկարագրված իրողությունների ուժով: