ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 11-րդ դասարանի աշակերտների ռազմամարզական ճամբարի կարգը»:

Այն սահմանում է ռազմամարզական ճամբարի կառուցվածքը, օրվա կարգացուցակը, նյութատեխնիկական միջոցները, ծրագիրը, պատասխանատուները եւ նրանց գործառույթները, ինչպես նաեւ կարգավորում է ճամբարի կազմակերպման եւ անցկացման ընթացքն ու այլ իրավահարաբերություններ:


Ճամբարի կազմակերպումն ուղղված է «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ծրագրի յուրացմանը եւ ստացած գիտելիքների ամրապնդմանը գործնական ճանապարհով, իրավիճակային կողմնորոշման, նախաձեռնողականության եւ հմտությունների զարգացմանը, արտակարգ իրավիճակներում դիմակայելու, դրսեւորվելու եւ արդյունավետ գործելու ունակությունների զարգացմանը, սովորողների ֆիզիկական եւ բարոյահոգեբանական հատկանիշների բարձրացմանը, ինչպես նաեւ դժվարին պայմաններում առաջադրանքների կատարման վճռականության ձեւավորմանը:

Ճամբարին մասնակցելու են հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 11-րդ դասարանում սովորող պատանիներն ու աղջիկները: Ճամբարի ծրագիրը համարվում է ՆԶՊ առարկայի 8-րդ, 9-րդ, 10-րդ եւ 11-րդ դասարանների առարկայական ծրագրի գործնական եւ կիրառական մասը:

Ճամբարը հաշվարկվում է ՀՀ զինված ուժերի բանակի գնդի հաշվարկով: Տեւողությունը 12 օր է:

Ճամբարի ուսումնական գործընթացի ծրագիրը ներառում է հետեւյալ թեմաները՝ ռազմարվեստի պատմություն, մարտավարություն, մարտավարաֆիզիկական պատրաստություն, կրակային, համազորային կանոնադրություններ, շարային պատրաստություն, ռազմական տեղագրություն (գործնական), անվտանգ կենսագործունեություն, առաջին օգնություն, կապ եւ հեռահաղորդակցություն, հոգեբանական պատրաստություն եւ գոյատեւման հիմունքներ:

Ճամբարի ֆինանսավորումն իրականացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը։

Քաղաքացիները եւ շահառու խմբերը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները մինչեւ փետրվարի 25-ը ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։