Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը, ով նշանակվեց ՀՀ ՊՆ Ռազմական Վերահսկողության Ծառայության պետ կարծում է, որ հայկական բանակն իր առջև դրված խնդիրը կատարել է:
Irakanum.am-ի հետ բացառիկ հարցազրույցում Ջալալ Հարությունյանը խոսել է իր դեմ կատարված մահափորձից, բանակի պարտության, իր նշանակման և այլ հարցերի շուրջ:
Հարցազրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը:
Պարոն Հարությունյան մեր զրույցը սկսենք Ձեր առողջական վիճակից: Ինչպես ե՞ք Ձեզ զգում:
Մինչ այդ հարցին պատասխանելը, նախ ցանկանում եմ իմ խորին ցավակցությունները հայտնել Արցախյան պատերազմում զոհված բոլոր զինվորների, պայմանագրայինների, ենթասպաների, սպաների և կամավորականների հարազատներին, նրանց մաղթել տոկունություն և ուժ: Առավել քան համոզված եմ, որ նրանցից յուրաքանչյուրը պատվով էր կատարում իր առաքելությունը, ինքս եմ ականատես եղել նրանց կողմից կատարված բազմաթիվ սխրագործությունների:
Հիմա Ձեր բուն հարցի մասին: Դեկտեմբերի 4-ին դուրս եմ գրվել հիվանդանոցից, որից հետո մշտապես գտնվում եմ բժիշկների հսկողության ներքո, և երեևի թե երկու- երեք շաբաթ հետո լիովին կազդուրված կլինեմ և պատրաստ ծառայելու:
Արցախյան երկրորդ պատերազմից, և հատկապես նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո, բազմաթիվ անգամներ հնչել են հարցադրումներ, թե ինչու՞ է լռում Ջալալ Հարությունյանը: Դուք լռում էի՞ք, թե՞ ասելիք այդ պահին չկար:
Ոչ թե լռել եմ, այլ ասելիք չկար, քանի որ ես զինվորական եմ, և այն ինչ այդ ընթացքում և դրանից հետո հայտարարեի՝ պարունակելու էր ռազմական և պետական գաղտնիք, իսկ ես մտադրություն չունեմ այդ գաղտնիքները հրապարակել, քանի որ այդ նյութերը կարդում են նաեւ մեր հակառակորդները՝ թուրքերն ու ադրբեջանցիները և ակամայից ստացվելու էր թշնամու ջրաղացին ջուր լցնել: Այդ իսկ պատճառով ես տրամադրված չեմ որեւէ պարզաբանում, կամ մեկնաբանություն տրամադրելու:
Ձեր նշանակումը ևս արժանացավ քննադատությունների: Սպասելի՞ էր, և ինչո՞ւ որոշեցիք ընդունել առաջարկությունն ու զբաղեցնել ՀՀ ՊՆ ՌՎԾ պետի պաշտոնը:
Ես զինվորական եմ, ոչ մի կուսակցական պատկանելություն չունեմ: Եթե ես ի վիճակի եմ այդ պաշտոնին նշանակվելով ծառայել հայրենիքին և տալ օգուտ, ապա կարծում եմ ճիշտ էր նման որոշում կայացնելը:
Այդ նույն քննադատությունների համատեքստում հնչում էր, որ նախընտրեցիք համագործակցել դավաճան իշխանությունների հետ:
Ես որեւէ քաղաքական պրոցեսների չեմ մասնակցում և ծառայում եմ բացառապես մեր երկրին, թե ով է պաշտոնի, և կամ ով ում է պաշտպանում ինձ համար երկրորդական է: Այդ սկզբունքով սկսել եմ իմ զինվորական ծառայությունը և այդպես միշտ շարունակելու եմ:
Հայկական բանակի պարտության գլխավոր պատճառը որն էր ըստ Ձեզ: Արդյո՞ք բանակն է պարտվել, թե՞ ռազմաքաղաքական ղեկավարությունը:
Գտնում եմ, որ բանակն իր առջեւ դրված խնդիրը լիարժեք կատարել է: Եթե մենք վերլուծում ենք հակառակորդի գործողությունները և համեմատում, թե ինչ ախորժակ ուներ իր խնդիրի կատարման ժամկետների վերաբերյալ, օրինակ հասնել՝ Տեղ գյուղի սահմանագիծը, ապա համամատություններ, վերլուծություններ անելով, ապա միանշանակ է, որ հակառակարորդը կոնկրետ իքս ժամանակահատվածում չէր կարող հասնել իր նպատակին առանց վարձկան ահաբեկիչների, Թուրքիայից, Պակիստանից բերված ուժերի: Նշեմ, որ ուժերի անհավասարությունը կտրուկ ավելացած էր հենց առաջին օրվանից:
Պարոն գեներալ սպաների, զինվորների, կամավորների փախուստի դեպքերի ականատես իքներդ եղել ե՞ք: Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյան այդ մասին բազմաթիվ անգամներ են խոսել:
Տարբեր իրավիճակներ իհարկե եղել են, այնպես չէ, որ ամեն ինչ հարթ է անցել, իհարկե մենք փորձել ենք ամեն կերպ միջամտել այդ գործընթացներին, եղել են ձերբակալություններ և այլն: Ամեն ինչ արել ենք, որ այդ դեպքերը չտարածվեն ամբողջ զորքի վրա:
Ո՞ր պարագայում հնարավոր կլիներ խուսափել Շուշին հանձնելուց:
Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, քանի որ այդ ժամանակահատվածում արդեն իսկ վիրավոր եմ եղել, իրավիճակին քանի որ լիարժեք չեմ տիրապետել, դժվար կլինի այդ հարցին միանշանակ պատասխանել:
Խոսենք Ձեր դեմ կատարված մահափորձից:
Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն տուժող եք ճանաչվել, հնարավոր համարում ե՞ք, որ հակառակորդն առանց ներքին տեղեկատվության ձեր տեղաշարժի մասին հստակ իմանար: Այլ կերպ ասած Ձեզ ներսից դավաճանել ե՞ն:
Ես գտնում եմ, որ ոչ, քանի որ հակառակորդը մինչ այդ էլ էր խփում, բավականին ակտիվ էր օդում և ցամաքային տեղաշարժերի մասին ինֆորմացվում էր: Բունկերում նստելով և խրամատ դուրս չգալով հնարավոր չէր, առաջին անգամ չէ, որ ես դուրս եմ եկել, դա եղել է իմ 5-րդ այսպես ասած դաշտային ելքը՝ պատերազմի ժամանակ:
Ուղղակի այդ ժամանակ ավելի ակտիվ են եղել, և որ գրում են, թե անվտանգությունը ապահովված չէր և այլն, ապա կասեմ, որ կապի միջոցների անվտանգությունը պահպանված է եղել, բջջային հեռախոսներն ընդհանրապես անջատված էր, մեքենան փոխված էր: Բոլոր այդ անվտանգային միջոցառումները պահպանված էին, ուղղակի չի բացառվում, որ իրենք լրացուցիչ այլ սարքեր ունեին, որոնցով կարողացել են տեղորոշել:
Ձեր հարաբերություններն այդ ընթացքում ինչպիսին է եղել ռազմաքաղաքական ղեկավարության հետ:
Այն խնդիրները, որոնք եղել են` միանշանակ իմ կողմից միշտ բարձրաձայնվել է, այնպես չէ, որ նստել և լռել ենք: Լարված իրավիճակներ իհարկե չեն եղել, քանի որ այդ պահին մեր հիմնական խնդիրը արտաքին թշնամին էր:
Օրինակ Դավիթ Տոնոյանի հետ:
Չի եղել կոնֆլիկտային վիճակ, եղել են խնդիրներ, որոնք բարձրացվել են:
Իրավիճակի հետագա զարգացումների վերաբերյալ ինչ կասեք: Մասնավորապես Սյունիքում ստեղծված իրավիճակի, GPS-ով տարածքներ գծելուն, և այլն:
Ես նման բաների վերաբերյալ մեկնաբանություններ չեմ տալիս, քանի որ ես զինվորական եմ: Միակ բանը, որ կարող եմ ասել այն է, որ մեր այսօրվա և վաղվա անելիքները ուղղված են լինելու Ադրբեջանի դեմ, մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի հետ վերականգենք այն ինչ կորցրել ենք: Մեր գլխավոր նպատակն է՝ բանակն ավելի հզորացնել, ունենալ նոր սպառազինություն, ժամանակակից տեխնիոլոգիաներ:
Աղբյուր՝ Irakanum.am