12 000 երեխա կա գրանցված, որոնք դեռ չեն հաճախել մանկապարտեզ եւ նրանցից շատերի տարիքն արդեն անցնում է։ Երեխաներ կան, որոնք 2–ից 3 տարի հերթում սպասում են։ Այս մասին այսօր՝ փետրվարի 8–ին, քաղաքապետարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Լուսինե Սարգսյանը, ով մի խուբ այլ ծնողների հետ Երեւանի քաղաքապետարանի դիմաց բողոքում են մանկապարտեզներում ընդունելության ոչ պատշաճ կազմակերպումից:

Լուսինեի փոխանցմամբ՝ բողոքող ծնողները 100–ից ավելին են, բայց ոչ բոլորն էն կարողացել միանալ եւ իրենց բողոքի ձայնը բարձրացնել։


«Շատ բարդ է բոլորով այստեղ հավաքվել, որովհետեւ միայն այն, որ մենք այստեղ ենք եկել քիչ թվով, ապացուցում է, որ ծնողները հնարավորություն չունեն իրենց երեխաներին ինչ–որ մեկին վստահել եւ ակցիային մասնակցեն։ Եթե պարտեզները բացվեն, էդ ծնողները կկարողանան աշխատել, ի վերջո երեխաներն էլ են հետ մնում զարգացումից»,– ասաց Լուսինե Սարգսյանը։

Նա հավելեց, որ բազմիցս են դիմել թե՛ քաղաքապետարան, թե՛ մանկապարտեզ, տարբեր պատճառաբանություններ են բերվել, թե ինչու գործընթացը չի մեկնարկում։

Բողոքող ծնողներին քաղաքապետարանից արձագանքեց քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ քաղաքապետարանը քայլեր է ձեռնարկում մանկապարտեզներում հավելյալ տեղեր ավելացնելու համար։

«Երեւանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները եւ այդ ոլորտը համակարգող փոխքաղաքապետը նախաձեռնել են քննարկումներ համապատասխան գերատեսչությունների հետ այս հարցին լուծում տալու համար, հասկանալով այս հարցի շուրջ լարվածությունը, ծնողների մտահոգությունները»,– ընդգծեց նա։

Քաղաքապետի խոսնակը հավելեց, որ երբ քննարկումների արդյունքում հստակ որոշում կայացվի, քաղաքապետարանը տեղեկատվությամբ կկիսվի։