Ակնայում ռուս-թուրքական մոնիտորինգի համատեղ կենտրոնի մեկնարկից հետո ռուսական հատուկ ծառայությունների ալիքներով առաջարկներ են հնչում դրա լիազորությունները Ղարաբաղից Հայաստանի տարածքի վրա տարածելու մասին: Ավելի վաղ Լրագրում հրապարակումներ են եղել Հայաստանի տարածքի մասնատման եւ ռուս-թուրքական վերահսկողության «անվտանգության միջանցքների» մտադրությունների մասին, եւ ահա ռազմական փորձագետների առաջարկները հաստատում են այդ մտադրությունները:


Դա լավրովյան պլանի մի մասն է, որը ողջունել են Հայաստանի խամաճիկ կառավարությունն ու նախկին նախագահներին հարող ուժերը: Ռուսաստանն ավարտում է իր 200-ամյա «պատմական առաքելությունը» Հայաստանում. Մոսկվան արդեն հայտարարել է ուղիղ եւ ՀԱՊԿ գծով իր պարտակավորությունների չեղարկման մասին, իսկ «անվտանգության նոր համակարգը» հռչակված հակաարեւմտյան կուրսի շրջանակում կառուցվում է Թուրքիայի հետ:

Հայաստանն այլեւս ռուսական պրոտեկտորատ չէ, եւ «հեռանալուց» առաջ այն չպետք է բաժին հասնի Արեւմուտքին՝ այդպես են կարծում Ռուսաստանում: Այս համատեքստում թուրքական ռազմական ներխուժման սպառնալիքը իրական է, որ կարող է հրահրել Ռուսաստանը Հայաստանի սահմանի երկու ուղղությամբ՝ իր «փրկչական» կերպարը պահելու եւ թուրքերի հետ անվտանգության միջանցքների անհրաժեշտությունը հիմնավորելու համար: Հայկական քաղաքական դաշտի ռուսահպատակ մասը եւ մեդիա-փորձագիտական շրջանակները կատարում են այս քաղաքականության իրագործման իրենց բաժինը՝ հրաժարում հայկական իրավունքներից ու պատասխանատվությունից, հանրության շրջանում հուսալքության ու անզորության տարածում: Եվ ամենագլխավորը՝ հայտարարվում է, որ Ռուսաստանի այլընտրանքը լինելու է Թուրքիան: Սա մուրճի ու սալիք արանքում գոյատեւել-մեռնելու՝ ցեղասպանության բանաձեւն է, որի իրագործման «գաղափարաբանական» հիմնավորումը ներկայում արվում է հայկական այս շրջանակների ձեռքով: Գիտակցված են դա անում, թե համոզված են դրանում՝ էական չէ:

Ռուսաստանի այլընտրանքը Թուրքիան չէ, Մոսկվան ու Անկարան միասին են իրականացնում քաղաքականությունը: Սակայն այդ քաղաքականությունն արդյունք կարող է ունենալ միայն Հայաստանում վերը նկարագրված պայմանների ապահովման դեպքում:

Ռուս-թուրքական տանդեմի այլընտրանքը կարող է լինել ՆԱՏՕ-ն կամ արեւմտյան անվտանգության համակարգը՝ անվտանգության հավելյալ երաշխիքներով: 100-ամյա լեգենդներն ու հայերի մեղավորության կանխավարկածի վրա կառուցված քաղաքականությունն ավարտվել են նոյեմբերի 9-ի հայտարարությամբ: Տանդեմի քաղաքականությունը մոտենում է հանգուցալուծմանը, ժամանակը քիչ է:

Ինքնիշխանության ու անվտանգության խնդիրների առաջնային պայմանը երկրում ազգային նպատակների ու իրավունքների գիտակցությամբ քաղաքական համարժեք դասի ու ժամանակակից բանակի առկայությունն է՝ աշխարհքաղաքական խնդիրներ լուծելու կարողությամբ: Դա հաստատ չի մտնում տանդեմի պլանների մեջ, փոխարենը նոր իրավիճակում կարող է պահանջված լինել այլ համակարգում:

Եվ մի շատ կարեւոր հարց՝ ինչ նպատակ ուներ Արցախի պաշտպանության բանակի ոչնչացումը ԱԹՍ-ներով՝ հայ-ռուսական համատեղ ՀՕՊ-ի անգործության պայմաններում: Ընտրությունների, դավաճանության եւ այլ բաների մասին ռազբորկաների մեջ գտնվող իշխող ու չիշխող շրջանակները ճիշտ կանեին մի քիչ ժամանակ հատկացնեին այս հարցի շուրջ մտածելու համար:

Աղբյուր՝ https://www.lragir.am/2021/02/09/619603/