Ադրբեջանում եւ Թուրքիայում քննարկում են, թե արդյոք կարող է աշխատել հայկական Ակնայում (Աղդամ) տեղակայված ռուս-թուրքական համատեղ կենտրոնը:


«Կենտրոնում ծառայող զինվորականների կրոնական ու էթնիկ պատկանելությունն առանձնապես նշանակություն չունի: Ռուսաստանն ու Թուրքիան ռազմական փոխգործակցության հարցում մեծ փորձ ունեն: Նրանք կարողացել են ընդհանուր լեզու գտնել այնպիսի բարդ հարցում, ինչպիսին սիրիականն է: Առավել եւս, Ռուսաստանի ու Թուրքիայի համատեղ մոնիտորինգի նման կոնֆիգուրացիա կա սիրիական Իդլիբում: Նրանք այնտեղ համատեղ պարեկություն են անում, ինչն ավելի դժվար է, քան այն, ինչ նրանց սպասվում է Ղարաբաղում», – Սպուտնիկ-Ադրբեջանի հետ զրույցում ասել է թուրք քաղաքագետ Թողրուլ Իսմաիլը:

Ռուսաստանը եւ Թուրքիան ընդգծում են, որ կենտրոնի տարածքում կանգնեցվել են մզկիթ ու ռուսական եկեղեցի: Ղարաբաղի տարածքում մզկիթները իրանական են: Ադրբեջանում պետության գոյության տարիներին այդպես էլ չեն պարզել իրենց ինքնությունը: Այս առումով հետաքրքիր է, թե Աղդամում ինչ մզկիթ են կառուցել եւ մուեզինը ինչ լեզվով է նամազի կոչ անում:

Նրանք, ովքեր կապ չունեն ղարաբաղյան հողի հետ, հողն ինքն է մերժում նրանց: Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հաղորդել է, որ մինչեւ լիարժեք ականազերծումը «ազատագրված տարածքներ» անօրինական մուտք գործած անձանց նկատմամբ կիրառվելու են օրենքով նախատեսված ամենախիստ միջոցները: Այդ միջոցառումները ձեռնարկվել են մարդկանց ականների վրա պայթելու միջադեպերի հաճախակիանալու պատճառով:

2020 թվականի նոյեմբերի 10-ից մինչ օրս Ադրբեջանի ավելի քան 70 քաղաքացի է պայթել ականների վրա: Մահացել է 5 զինծառայող եւ 9 քաղաքացիական անձ: Եվս 52 զինծառայող ու 8 քաղաքացիական անձ ծանր մարմնական վնասվածքներ են ստացել:

Փետրվարի 7-ին Վարանդայում (Ֆիզուլի) ավտոմեքենա է պայթել հակատանկային ականի վրա: Ադրբեջանի մեկ քաղաքացի մահացել է, երկուսը՝ անհետ կորել: Ավելի ուշ գտնվել են նրանց մարմինները:

Երեկ Թալիշ գյուղի մոտ ավտոմեքենա է պայթել, որում 5 ադրբեջանցի զինծառայողներ են եղել, այդ թվում՝ գնդապետ: Նրանք բոլորը ծանր վիրավորվել են:

Ռուս խաղաղապահների տվյալների համաձայն՝ նոյեմբերի 23-ից փետրվարի 9-ը Ղարաբաղի տարածքում մոտ 25 հազար չպայթած արկ է վնասազերծվել: Հողն այրվում է նրանց ոտքերի տակ, ովքեր փորձում են հրդեհել ուրիշի տունը:

Աղբյուր՝ https://www.lragir.am/2021/02/09/619762/