Լևոն Տեր–Պետրոսյանն ու Նիկոլ Փաշինյանը նույն միջավայրի ծնունդ են։ Քիրվայական միջավայրի։ Թուրքամետ միջավայրի։ Այդ միջավայրի գաղափարախոսներից մեկը ՀՀ 1–ին նախագահն է։ Նիկոլն այդ միջավայրի թերմացքն է։
Հիմա նրանց հարաբերությունները հակասական են։ Նիկոլը Էդիպի կոմպլեքս ունի Լևոնի պահով, իսկ վերջինս զզվում է այդ դուրսպրծուկից ու միևնույն ժամանակ նախանձում, քանզի իրեն չհաջողվեց իշխանությունը վերցնել, իսկ դուրսպրծուկին հաջողվեց։
Լևոնը սկզբում դեմ էր «թաշվյային»։ Հետո երբ Նիկոլը վարչապետ դարձավ, ինքն էլ դարձավ նիկոլական։ Տեր–Պետրոսյանը հույս ուներ, որ պապայություն կանի «ժողովրդի» վարչապետին, բայց Փաշինյանը հասկացրեց, որ դրա կարիքը չունի, թեև գաղափարական առումով որդեգրեց քիրվայական գիծը՝ Արցախի հարցով գնալով Տեր–Պետրոսյանի ճանապարհով։ Արցախի հարցում Նիկոլն ի վերջո կյանքի կոչեց Տեր–Պետոսյանի ծրագրերը, բայց այլ մեթոդներով՝ 44–օրյա պատերազմի, 44–օրյա լկտի ստի միջոցով, 5․000 զոհի գնով։
«Սերգո ջանի» վկաները
Պատերազմի ժամանակ ու դրան հաջորդած մի քանի օրը ՀԱԿ առաջնորդը քննադատում ու անձնական վիրավորանքներ էր հասցնում Նիկոլ Փաշինյանին։ Բայց հիմա լուռ է։ Ավելի ճիշտ, խոսում է, բայց կուլիսներում ու Նիկոլի օգտին։
Քաղաքական դաշտում Տեր–Պետրոսյանի կշիռն առանձնապես չի տարբերվում Արամ Զավենի Սարգսյանի կամ Արման Բաբաջանյանի կշռից, բայց արի ու տես, որ նրա հետ վերջին շրջանում հանդիպել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ ՌԴ–ի, ԱՄՆ–ի, Ֆրանսիայի դեսպանները։
Ակնհայտ է, որ Տեր–Պետրոսյանը յուրօրինակ բանագնացի դեր է կատարում Նիկոլ Փաշինյանի համար Արցախի հարցում։ Սրան զուգահեռ՝ լևոնական կադրերը տարբեր պաշտոններ են ստանում իշխանական համակարգում։
Լևոնին ու Նիկոլին հիմա կապում է «Սերգոջանային» թեման։ Այն, ինչ տեղի ունեցավ Արցախում, մեծ հաշվով, լևոնական փուլային տարբերակի իրականացման արյունոտ ճանապարհն էր։ Տեր–Պետրոսյանն ասում էր, որ պետք է ամեն գնով հասնել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ սահմանների բացմանը։ Նա համոզված էր, որ պետք է կոմունիկացիաները բացել, որ լավ ապրել։ Նիկոլենք հիմա նույն քարոզն են տանում։
Տեր–Պետրոսյանը հիմնավորում էր, որ առանց Արցախի հարցի լուծման Հայաստանը զարգացման հնարավորություն չունի։ Նիկոլը լուծեց այդ հարցը, և հիմա նրան կից օլիգարխ Խաչատուր Սուքիասյանը ու մյուս թուրքամետները երջանիկ դեմքով խոսում են այն մասին, թե ինչ լավ բան եղավ պատերազմի ժամանակ ու հիմա վերջապես Թուրքիայի, Ադրբեջանի հետ կկոոպերացվենք։
Տեր–Պետրոսյանն ակնհայտորեն Արցախի հարցով Փաշինյանի ոչ ֆորմալ փաստաբանն է։ Թե ինչ կարող է դա վատ իմաստով տալ ՀՀ–ին, լրացուցիչ բացատրության կարիք չունի։ Քիրվայականները բնականորեն միավորվել են ու գործի անցել։
1–ին նախագահին ու Նիկոլին կապում է նաև ընդհանուր վախը։ Քաղաքական զարգացումների հետ կապված վախը։ Դրա համար էլ միմյանցից անձնապես զզվող մարդիկ միավորվել են, քանզի նույն նավակի մեջ են։