Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ «Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը պետք է շարունակվի»:
«Նրանք կարևոր ներդրում ունեն ղարաբաղյան խնդրի կարգավորման հիմնական սկզբունքների մշակման հարցում, որոնցից զգալի մասը ներառվել են նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության մեջ: Սա վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքները Ադրբեջանին վերադարձնելուն, փախստականանների վերադարձին, Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը կապող միջանցքի պահպանմանը, խաղաղապահների գործողություններին և տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը», ասել է Ռուդենկոն:
Ռուսաստանի ԱԳՆ-ն այս կերպ փաստացի փորձում է եռակողմ հայտարարության և Մոսկվայի ու Անկարայի հանցավոր համաձայնության պատասխանատվությունը դնել Մինսկի խմբի վրա; Միևնույն ժամանակ, Մոսկվան փորձում է «չնկատել», որ տարածաշրջանում ներկա են ոչ թե միջազգային խաղաղապահ ուժերը և մոնիտորինգի մեխանիզմները, որոնց մասին խոսում էին ԱՄՆ-ն և Ֆրանսիան, այլ ռուս խաղաղապահները թուրք զինվորականների հետ:
Եռակողմ համաձայնագրի ստորագրումից անցել է 3 ամիս, սակայն Մոսկվան այդպես էլ չի վերսկսել իր աշխատանքը Մինսկի խմբում: Դեկտեմբերի 12-13-ին Մինսկի խմբի Ֆրանսիայի և ԱՄՆ համանախագահներն այցելել են Բաքու և Երևան, իսկ ռուս գործընկերը նրանց չի միացել: Վերջերս Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ համանախագահները պատրաստվում են այցելել տարածաշրջան, բայց դատելով հայտարարության տոնայնությունից, Մոսկվան հետաքրքրված չէ Մինսկի խմբի գործունեության վերսկսմամբ:
Հիշեցնենք, որ Մինսկի խմբի արևմտյան համանախագահներ ԱՄՆ և Ֆրանսիան իրենց ԱԳ և խորհրդարանների մակարդակով մտահոգություն են հայտնել Արցախի կարգավիճակի, խաղաղապահ զորքերի, Թուրքիայի դերի և դեօկուպացիայի հարցերով:
Ռուդենկոն ասում է, որ Արցախի կարգավիճակի հարցը պետք է լուծվի Մինսկի խմբի շրջանակներում, սակայն միևնույն ժամանակ զգուշացնում է «հապճեպ որոշումներից»: «Կարիք կա հասնելու այդ խնդրի համապարփակ քաղաքական լուծմանը, որը համաձայն 1994 թ. ԵԱՀԿ Բուդապեշտյան գագաթնաժողովի որոշման, դրված է Մինսկի խմբի համանախագահների վրա: «Եռյակը» ունի միջազգային հզոր աջակցություն և կարող է օգտակար լինել հետագա քայլերի փոխշահավետ մոտեցումների մշակման գործում, այդ թվում կարգավիճակի հետ կապված հարցերում: Բայց զգույշ, առանց շտապելու, երբ գա դրա ժամանակը», ասել է Ռուդենկոն:
Թե երբ կգա այդ ժամանակը, ըստ ռուսների, մնում է միայն գուշակել:
Ռուսաստանը և Թուրքիան փորձում են ավարտին հասցնել Հայաստանի մասնատման գործընթացը, ստիպելով հայկական իշխանությանը ստորագրել նոր «Կարսի պայմանագիր»: Այնուհետև Մինսկի խումբը կհայտարարվի փակված: Իսկ մինչ այդ, Մոսկվան «առատաձեռն» թույլ է տալիս Մինսկի խմբին զբաղվել այլ հարցերով. «Այժմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարող են ակտիվություն ցուցաբերել հայերի և ադրբեջանցիների միջև վստահության ամրապնդման ուղությամբ: Քաղաքացիական հասարակության շրջանակներում երկխոսության զարգացումը կնպաստի տարածաշրջանում իրավիճակի առողջացմանը և նախադրյալներ կստեղծի հետագա քաղաքական գործընթացների համար»:
Արդյոք ԱՄՆ-ն և Ֆրանիան հետաքրքրված են Մինսկի խմբի վերաակտիվացման մեջ, և արդյոք նրանք ազդակների են սպասում Հայաստանի կողմից, որպեսզի սկսեն ակտիվություն ցուցաբերել: