Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 11-ի նիստում որոշում կայացրեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված եւ «Երեւանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված քաղաք Երեւան, Կենտրոն Ծ. Իսակովի պողոտա 13/12 հասցեում գտնվող 360.29 քառ. մետր մակերեսով կաթսայատունը եւ դրա օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.94964 հեկտար մակերեսով հողամասը հետ վերցնել եւ ուղղակի վաճառքի ձեւով օտարել «Արմենիա Վայն» Գործարան» ՍՊԸ-ին:

Սահմանվեց, որ 2021 թվականի հունվարի 25-ի դրությամբ Գույքի գնահատված արժեքը 446,169.1 հազ դրամ է, ուղղակի վաճառքի ձեւով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը՝ 378,644.1 հազ. դրամ: Գնորդը պարտավոր է նաեւ վճարել գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.94964 հեկտար մակերեսով հողամասի կադաստրային արժեքը` 236,355.9 հազ. դրամ։


Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «Արմենիա Վայն» գործարանը» Իսակով 11/1 հասցեում իրականացնում է ներդրումային ծրագիր, որի արդյունքում կառուցվելու է նաեւ բարձրահարկ «Դիջիթաուն» ՏՏ նորարարական տեխնոլոգիաների միջազգային կենտրոն, որի իրականացման նպատակով նախնական գնահատականով կներդրվի 40 մլն ԱՄՆ դոլար եւ կստեղծվի 5000 աշխատատեղ։

Ընկերությունը միաժամանակ խնդրել է հարեւանությամբ գտնվող Երեւան քաղաքի Իսակովի պողոտա 13 հասցեից «Երեւանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի /այսուհետ՝ ՊՈԱԿ/ տարածքում առկա 9053 քառ. մետր մակերեսով հողատարածքի եւ կիսաքանդ կաթսայատունը եւս օտարել ընկերությանը ծրագրի ընդլայման համար։

Խնդիրը քննարկվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հետ, որի վերաբերյալ վերջինս տեղեկացրել է, որ վերոնշյալ տարածքը ՊՈԱԿ-ը, ֆիզկուլտուրայի դահլիճի բացակայության պայմաններում, ուսումնական տարվա ընթացքում օգտագործում է որպես մարզահրապարակ: Նշված տարածքը օգտագործվում է նաեւ 50 հոգանոց փողային նվագախմբի փորձերը անցկացնելու եւ գիշերող սովորողների խաղերի եւ հանգստի կազմակերպման համար՝ տեղեկացնելով նաեւ, որ ՊՈԱԿ-ի տարածքում առկա է կիսաքանդ կաթսայատուն, որն այս պահին չի շահագործվում:

Քննարկման արդյունքում նախագծում ներառվել է դրույթ՝ համաձայն որի նշված գույքի օտարման դեպքում ընկերությունը ՊՈԱԿ-ի սաներին անհատույց հիմունքներով կթույլատրի օգտվել վերջինիս պատկանող մարզադաշտից։

Նախատեսված է, որ ընկերությունը գույքը ձեռք բերելու դեպքում կիրականացնի 1 մլրդ դրամի ներդրում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը զարմացած հարցրեց. «Ճիշտ լսեցի՞նք, 5 հազար աշխատատե՞ղ»:

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը արձագանքեց, որ այդպես են հավաստիացնում ընկերությունից: ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանն էլ նկատեց, որ մեկի տարում 500 աշխատատեղ ստեղծել է ընկերությունը. «Եթե հաշվի առնենք, որ ներդրումային ծրագիրը մի քանի տարի տեւելու է, ապա հնարավորություն կա, որ այդպես լինի»: