Հայաստանի խորհրդարանում բացահայտված տեղեկությունը, որ կան ինչ-որ պայմանավորվածություններ Սյունիքի մարզի ճանապարհների վերաբերյալ, տարբեր գնահատականների է արժանացել: Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը, հղում կատարելով իրանական բարձրաստիճան դիվանագետին, ասել է, որ «ոչ մամուլի համար» հատվածում Իրանի արտգործնախարարը Նիկոլի հետ հանդիպմանը հասկացրել է, որ Հայաստանի իշխանությունների ապաշնորհ քաղաքականությունը հանգեցրել է տարածաշրջանի աշխարհաքաղաքական առկա համակարգի փլուզմանը, բոլոր հաստատված դասավորությունների փոփոխությանը՝ Ադրբեջանին (եւ նրա դաշնակիցներին) բոլոր ուղղություններով զիջումներ անելով:


«Եւ ամենապարադոքսալն այն է, որ Իրանը դադարել է ցամաքային սահման ունենալ Հայաստանի հետ` այդ բառի դասական իմաստով: Այսուհետ Իրանից Երեւան եւ վերադարձի՝ դեպի Սյունիք ճանապարհահատվածը վերահսկում են ոչ թե հայ, այլ ռուս կամ ադրբեջանցի զինվորները: Ավելին, նախարարը հենց Հայաստանի կառավարությանն է նախատել՝ խախտելու համար տարածաշրջանային բոլոր հավասարակշռությունները, որոնց շնորհիվ պանթուրքիզմը յոթմղոնանոց քայլերով ամբողջ տարածաշրջանը իր տիրապետության տակ կառնի», ասել է նա:


2020 թ. հոկտեմբերի վերջին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հատուկ ջոկատայիններ և զինտեխնիկա է տեղակայել Ղարաբաղին սահմանակից բնակավայրերում, ինչպես նաև Նախիջևանի սահմանակից տարածքներում: Այդ մասին հայտարարել էր ԻՀՊԿ ներկայացուցիչը, ով ասել էր, որ Թեհրանը դիմել է այդ քայլին, որպեսզի պաշտպանի ազգային անվտանգությունը իր երկրի հյուսիս-արևմտյան սահմանին: «Իրանը չի հանդուրժի տարածաշրջանում աշխարհաքաղաքական սահմանների որևէ փոփոխություն», ասել էր նա:


Արդյոք տեղի է ունեցել աշխարհաքաղաքական սահմանների փոփոխությունը տարածաշրջանում: Ինչպես են Թեհրանում նայում Հայաստանի՝ Իրանի հետ սահմանակից ճանապարհների վերաբերյալ ռուս-թուրքական անջատ պայմանավորվածություններին: Ով է որոշելու Սյունիքի ապագան, որը Նիկոլն անվանել է Հայաստանի ողնաշար:

Երեկ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին և նախագահ Հասան Ռոհանիին իսլամական հեղափոխության 42-րդ տարեդարձի կապակցությամբ: Նա համոզված է տարածաշրջանային ծրագրերի արագ իրականցման անհրաժեշտության մեջ, որը բխում է երկու երկրների շահերից:

Հունվարի 27-ին Նիկոլ Փաշինյանն ընդունել էր Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին: Իրանի ԱԳ նախարարը նշել էր. «Անձամբ Ձեր անձի նկատմամբ Իրանում մեծ հարգանք են տածում, այն քաջության վերաբերյալ, որ Դուք խաղաղության ուղղությամբ այդ քայլը վերցրեցիք»: Ի՞նչ քաջության մասին է խոսքը:

Փետրվարի 5-ին Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ և քննարկել հարցեր, կապված «Պարսից ծոց-Սև ծով» տրանսպորտային միջանցքի հետ: Փոխվարչապետը անդրադարձել է նաև տեղեկատվական և հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության հնարավորություններին, այդ թվում Եվրոպա-Հայաստան-Իրան-Քաթար տարածաշրջանային հեռահաղորդակցության ծրագրի շրջանակներում:

Միևնույն ժամանակ, Իրանը անվտանգության հարցեր է քննարկում Ռուսաստանի հետ: Երեքշաբթի Ռուսատանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը հանդիպել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Ղալիբաֆի հետ Մոսկվայում: Նրանք քննարկել են երկու երկրների համագործակցության զարգացումը տարբեր ուղղություններով, այդ թվում անվտանգության ոլորտում: Մտնում է արդյոք Սյունիքը այդ ոլորտների մեջ:

Աղբյուր՝ https://www.lragir.am/2021/02/12/620344/