Մենք սերտորեն աշխատում ենք Ադրբեջանի և Հայաստանի հետ ղարաբաղյան խնդրի բոլոր ասպեկտների շուրջ, «Իզվեստիայի» հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն՝ պատասխանելով այն հարցին, թե որքան ժամանակ կպահանջվի Ղարաբաղի կարգավիճակը որոշելու համար:
«Այսօր հրադադարը պահպանվում է ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից, որը տեղակայված է կողմերի շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքում: Տարածաշրջանում մեր խաղաղապահների ներկայությունը իրադրության կարգավորման համար անհրաժեշտ պայմանների ապահովման գործոն է ոչ միայն Ղարաբաղում, այլև Բաքվի և Երևանի հարաբերություններում ընդհանրապես:
Կցանկանայի միաժամանակ շեշտել, որ հունվարի 11-ի մոսկովյան գագաթնաժողովում ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ Հայաստանի առաջնորդները հաստատել են հենց այս ուղղությամբ ընթանալու պատրաստակամությունը: Այս նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ երեք երկրների փոխվարչապետների նախագահությամբ: Խմբի հիմնական խնդիրն է տրանսպորտային և տնտեսական հաղորդուղիների ապաշրջափակումը: Աշխատանքային խմբի առաջին նիստը տեղի է ունեցել ս.թ. հունվարի 30-ին Մոսկվայում:
Հիմա աշխատանքը սկսում են երեք երկրների մասնագետները՝ իրենց ճյուղային մասնագիտացման մասով: Ընդ որում՝ մենք տնտեսական վերականգնման հեռանկարները դիտարկում ենք Հարավային Կովկասի ավելի լայն համատեքստում:
Մոսկվայի ուղերձը հստակ է. ելնում ենք այն փաստից, որ խաղաղությունն ու կայունությունը բխում են տարածաշրջանի բոլոր գործընկերների շահերից, այդ թվում՝ Վրաստանի, Իրանի և Թուրքիայի: «Նրանց աջակցության հույս ունենք Բաքվի և Երևանի նպատակադրությանը հարաբերությունները կարգավորելու 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և 2021 թվականի հունվարի 11-ի մոսկովյան գագաթնաժողովի արդյունքներով պայմանավորվածությունների հունում:
Ակնկալում ենք, որ այս ուղղությամբ համատեղ ջանքերը կօգնեն հեռանկարում բարենպաստ միջավայր ստեղծել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի լուծման ոչ հակամարտային մոտեցումների մշակման համար:
Կցանկանայի նշել, որ այս պահանջարկված ձևաչափի առումով մշակված մի շարք սկզբունքներ իրենց արտացոլումն են գտել նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստում:
Մեր հարևան պետություններում իրավիճակն ապակայունացնելու փորձերը շարունակվում են` դրանց զարգացման վեկտորն արմատապես փոխելու, Ռուսաստանից պոկելու և խորթ արժեքային համակարգի մեջ մտցնելու համար: Մենք տեսնում ենք Արևմուտքի` հետխորհրդային տարածքը մշտական հակամարտության և լարվածության գոտու վերածելու ձգտումը:
Մեր խնդիրն այդպիսի քաղաքականությանը հակազդելն է: Ընդ որում, երբեմն մեզ մեղադրում են իբր Խորհրդային Միությունը վերստեղծելու պլանների մշակման մեջ: Դա ճիշտ չէ. Մոսկվան հետևողականորեն պաշտպանում է հավասար և փոխշահավետ համագործակցությունը հետխորհրդային բոլոր երկրների հետ` ապավինելով տարբեր ոլորտներում առկա ավանդական կապերին:
Վստահ ենք, որ ԱՊՀ գործընկերները հստակ պատկերացնում են այն մարտահրավերներն ու սպառնալիքները, որոնք իրենց մեջ պարունակում են դրսից ներշնչված ներքին ցնցումները: Հուսով ենք, որ մեր ընկերները կկարողանան կառուցողականորեն լուծել իրենց առջև ծառացած քաղաքական և սոցիալ-տնտեսական խնդիրները: Մեր կողմից մենք բազմակողմանի աջակցություն կցուցաբերենք` օգտագործելով այդ թվում նաև ինտեգրացիոն միությունների` ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի հնարավորությունները»,- ասել է նա:
Ի պատասխան հարցին՝ Մոսկվան մտավախություն չունի՞ արդյոք Ղարաբաղում հակամարտության արդյունքում Անդրկովկասում Թուրքիայի ռազմական ներկայության ուժեղացման առումով՝ հաշվի առնելով Ադրբեջանում ավիաբազաներ կառուցելու Թուրքիայի մտադրությունների մասին լուրերը, Ռուդենկոն նշել է. «Ելնում ենք այն փաստից, որ տարածաշրջանում Անկարայի հետ ռազմական գծով մեր փոխգործակցությունը կառուցվում է հունվարի 30-ից Աղդամի շրջանում գործող Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի շրջանակում:
Այսպիսի կենտրոնի բացումը դիտարկելով որպես համատեղ ջանքերի լավ օրինակ՝ ուղղված տարածաշրջանում իրադրության կարգավորմանը»:
Փաստացի, Արևմուտքից Ռուսաստանը ավելի մեծ վտանգ է տեսնում, քան հետխորհրդային տարածքում թուրքական ազդեցության ակնհայտ մեծացումից: Հավանաբար, քանի դեռ ուղիղ հակազդեցություն չկա՝ Ռուսաստանը Թուրքիայի հետ հակված է ցույց տալ փոխշահավետ համագործակցություն, քանի դեռ Թուրքիան հաշվի է նստում ռուսական դիրքորոշումների հետ:
Այսինքն, որ պահից սկսած Էրդողանը կարմիր գծեր հատի՝ Պուտինը կտեսնի թուրքական սպառնալիքը:
Աղբյուր՝ https://bavnews.am