Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի և Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ, ռուսական զորակազմի վերահսկողության տակ գտնվող տարածքում փետրվարի 12-ին հանդիպել է Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցչի հետ, ասել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը: «Քննարկվել են գերիների վերադարձին, անհայտ կորածների որոնմանը առնչվող և հումանիտար այլ հարցեր», նշել է Ավանեսյանը։


Ում հետ է հանդիպել Արցախի նախագահը՝ չի հայտնվում։ Ստեփանակերտում խոսում են, որ ավելի վաղ տարբեր հանդիպումներում Արայիկ Հարությունյանն ասում էր, որ շուտով լինելու են ուղիղ շփումներ, եւ պետք չէ դրանից զարմանալ։ Եվ ահա, տեղի է ունեցել առաջին այդպիսի շփումը։


Մի կողմից, այդպիսով Արայիկ Հարությունյանը «ճանաչվում է» որպես Արցախի ղեկավար։ Մյուս կողմից, հայտնի չէ, թե հակառակ կողմը՝ Բաքուն, ինչ մակարդակով է մասնակցել այդ հանդիպմանը։ Մուրադովի եւ Աբազյանի մակարդակը ենթադրում է հավասարազոր պաշտոնյա, մյուս կողմից՝ նրանք երեքն էլ նախագահի մակարդակ չեն։ Ասվածի կապակցությամբ կարող են լինել տարբեր կարծիքներ, գուցե նաեւ հեգնական, սակայն Արցախը պետություն է, ընդ որում՝ ոչ պակաս, քան Ռուսաստանը, Ադրբեջանը եւ Հայաստանը, Արայիկ Հարությունյանն այդ պետության ղեկավարն է՝ անկախ նրա հանդեպ մեր վերաբերմունքից։


Արայիկ Հարությունյանից սկսած սա բոլորը պետք է գիտակցեն եւ գործեն ըստ այդմ։ Ընդհանրապես, ամեն ինչ սկսում է այդտեղից՝ մեր իրավունքների, պատասխանատվության եւ ուժի գիտակցումից։ Կան կարմիր գծեր, որոնք չի կարելի անցնել ցանկացած պարագայում, որքան էլ բարդ ու «հասկանալի» լինի իրավիճակը օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքների ուժով։

Արցախը կա եւ պետք է լինի, Մոսկվան ու Բաքուն թող մտածեն, թե ինչ գին են վճարելու այս ամենի դիմաց, իսկ դա լինելու է չափազանց ծանր գին։ Ընդ որում, որքան էլ առեղծվածային թվա, նրանց փրկությունը Արցախի գոյությունն է։ Երեւում է՝ նրանք հասկանում են դա, մնում է, որ հայերը դուրս գան թերահավատ ու անվստահ կեցվածքից, ներքին անպտուղ ռազբորկաներից ու վերաճեն քաղաքական ազգի։

Աղբյուր՝ https://www.lragir.am/2021/02/12/620616/