TGRT թուրքական մասնավոր ալիքի նյութը 2015-ին Stratfor կենտրոնի շրջանառած 2050 Թուրքիայի քարտեզով: Ուշագրավ է, որ Ռուսաստանի ամբողջ հարավը ներառած քարտեզի ստորագրությունում Ռուսաստանը չկա | տեսանյութը՝ TGRT

Ezerk.am. Սյունիքում եւ Արցախում սրվող իրավիճակը ուղիղ հետեւանք է Հայաստանի շրջանում տեղի ունեցող գեոպոլիտիկ խորագույն փոփոխությունների: Այսպես, ռուսական զլմ-ները կարծես մեկ հրահանգով տարածում են Հայաստանը եւ Ռուսաստանի հարավը, մասնավորապես Ղրիմը, ապագա Թուրքիայի ազդեցության գոտում պատկերող մի քարտեզ, որն իբր ցուցադրվել է Թուրքիայի Հանրապետության Հեռուստառադիոպետկոմի TRT1 հեռուստաալիքով

Ռուսաստանցի սենատոր Վլադիմիր Ջաբարովն ասել է, թե թուրքական հեռուստաալիքով Ղրիմն ու Կուբանը ներառող քարտեզի ցուցադրումը պատահական չէ: «Ինձ թվում է, որ նման տեղեկատվությունը դիտավորյալ է նետվում՝ արձագանքը ստուգելու համար: Բայց մենք դրան չենք արձագանքի», ասել է նա ռուսական RBC լրատվականին տված հարցազրույցում:

Թե հիստերիային որքան մոտ է գտնվում Մոսկվայի «չարձագանքելը»՝ կարելի է տեսնել ՌԴ Պետդումայի Պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Անդրեյ Կրասովի «խոսում է Մոսկվան» կրեմլամետ ռադիոկայանին տված հարցազրույցից:

Կրասովը, Իզվեստիա ռուսական լրատվամիջոցի շարադրությամբ՝ ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Թուրքիան Օսմանյան կայսրության վերականգնման մտքեր ունի: Նա նախազգուշացրել է Անկարային Ռուսաստանի տարածքների մի մասը անջատելու ակնարկների վտանգի մասին:

«Այս պատմությունը նոր չէ: <…> Ականջներին թող օղ անեն, որ մեր նախագահ Պուտինն ասել է, թե Ղրիմը եւ Սեվաստոպոլը այլեւս Ռուսաստան են, ինչ վերաբերում է Հյուսիսային Կովկասին, ապա կարիք չկա երախը բացել ուրիշի պատառի վրա: <…> Եթե ​​նրանք [թուրքերը] ուզում են ստուգել ռուսական ոգու և մեր զենքի ուժը, թող փորձեն»:

«Հիստերիա» բնորոշման հիմքը հետեւյալն է: Նախ եւ առաջ, նման քարտեզ իրոք ցուցադրվել է 2-3 թուրքական մասնավոր մանր ալիքներով ի պատասխան սոցցանցերում ահագնացող հայրենասիրական ոգեւորության: Ոգեւորությունը, իր հերթին, առաջացել է Հայաստանը եւ Միջին Արեւելքի շրջանները Անկարայի, Մոսկվայի եւ Բաքվի միջեւ կիսելը խորհրդանշող մի լուսանկարից: