33 տարի առաջ, 1988 թվականի փետրվարի 13-ին, Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում տեղի է ունեցել առաջին խոշոր հանրահավաքը, որի մասնակիցները կոչ էին անում միացնել Ղարաբաղը Հայաստանին։ Մինչ այդ հանրահավաքներ էին կայացել Հադրութում եւ Ասկերանում։
Փետրվարի 20-ին ԼՂԻՄ Գերագույն խորհուրդը պատմական որոշում ընդունեց, կոչ անելով վերամիավորել Ղարաբաղն ու Հայաստանը։ Փետրվարի 27-29-ին Սումգաիթում տեղի են ունեցել հայկական ջարդեր, որոնք եւ ստիպել են հայ ժողովրդին դիմել զինված պայքարի։
Ղարաբաղյան շարժման ալիքի վրա հայ ժողովուրդը միանգամից երկու անկախ պետություն է ստեղծել, քանի որ ինքնիշխանությունն է հաղթանակների պահպանման գրավականը։ Սակայն անկախությւնը ժամանակի հետ փոշիացվեց՝ հանուն իշխանավորների անվտանգության, անձնական բարեկեցության։ Անվտանգությունը պահպանվում էր նուրբ բալանսի շնորհիվ, որի հիմքում էր Մինսկի խմբի եռանախագահությունը։
Հիմա զույգ պետություններն էլ հայտնվել են վտանգավոր սահմանին։ Մարդկանց հոգիներում պարտությունն ավելին է, քան «հողի վրա»։ Սակայն մարդկանց աչքերը բացվում են, եւ առաջանում է կենարար միտքը՝ պետք է դիմադրել։ Արցախյան Մարտունիում Գարեգին Նժդեհի արձանի հետ կապված պատմությունը իրավունքի լավ դաս է։ Դա մեր հողն է, մենք են որոշում մեր հերոսներին։
Փետրվարի 20-ին Երեւանում կկայանա 17-ի հանրահավաքը։ Միջազգային, այդ թվում ռուսաստանյան լրատվամիջոցներում անհանգստոություն են հայտնում «հայկական ազգայնականության» կապակցությամբ։ Ազգայնականությունը դրանցում ներկայացվում է որպես գլխավոր «խոչընդոտ», որը պետք է արմատախիլ անել։
Ռուսաստանում որոշ փորձագետներ գլուխ չեն հանում, թե որն է «լավ» Հայաստանի համար՝ «արեւմտամետ» Փաշինյա՞նը, ով անվերապահ կատարում է Լավրովյան պլանը, թե՞ «ռուսամետ ազգայնականները», որոնք նույնպես ողջունել են Լավրովյան պլանը, այնուամենայնիվ անվանելով այն դավաճանական։
Ռուսաստանը փորձում է գլուխ հանել, իսկ Հայաստանում սկսում է հասունանալ առողջ ազգային դիմադրություն։ Սյունիքում, ինչպես ասում է Հրանտ Բագրատյանը, մարդիկ իրենք են որոշում սահմանը, մարդիկ սկսել են խոսել իրենց իրավունքների մասին։
Հայաստանն ու Արցախը նույնիսկ վիրավոր վիճակում իրենց տանն են, Արարատի եւ Մռավի ստորոտում, իսկ «եկվորները» նույնիսկ հիմա թույլտվություն են խնդրում Ղարաբաղով անցնելու համար։ Բաքվի Միլլի մեջլիսի պատգամավորը խոստովանել է, որ հիմա Շուշիում միայն զինվորականներ են, «իսկ բնակչությունն այստեղ չի եկել»։
Ռուսական խաղաղապահները ուղեկցում են ադրբեջանական շարասյուները դեպի Շուշի եւ Քարվաճառ։ Բաքվի իշխանությունները կոչ են անում իրենց բնակչությանը չգնալ Ղարաբաղ։ Բաքվում ամեն ինչ հասկանում են։
Աղբյուր՝ Lragir.am