ՀՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ալիեւի հայտարարությանը, ըստ որի՝ «նոյեմբերի 10-ին ստորագրված համատեղ հայտարարության մեջ առկա է հատուկ դրույթ Նախիջևանի միջանցքի ստեղծման մասին»:
ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ «նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում նշված է «տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման» մասին, և հենց այս մոտեցմամբ է Հայաստանը հանդես գալիս տարածաշրջանում կայունություն հաստատելու և համագործակցության հեռանկարների հարցերում: Վերոնշյալ կետը չի պարունակում որևէ միջանցքի ստեղծման դրույթներ: Հայաստանի տարածքով անցնող յուրաքանչյուր ճանապարհ կամ հաղորդակցության ուղի կա և լինելու է բացառապես Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության ներքո»։
ՀՀ ԱԳՆ-ն հրադադարի հայտարարությունից հետո մնացել է միակ կառույցը, որը փորձում է պաշտպանել հայկական իրավունքները։ Միեւնույն ժամանակ, ԱԳՆ-ն հենվում է առկա փաստաթղթերի վրա, եւ այս առումով հատկանշական էր նախարար Այվազյանի ճեպազրույցը լրագրողների հետ, որում նա ասաց, որ տեղյակ չէ Սյունիքի ճանապարհների մասին պայմանավորվածությունից։ Հարցրեք փոխվարչապետին, ասել էր նա։ Փոխվարչապետ Ավինյանը դրա նախօրեին կցկտուր պատասխաններ էր տվել համացանցում հայտնված փաստաթղթի վերաբերյալ։
ՀՀ ԱԳՆ խոսնակի պատասխանում ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ նա հղում է անում նոյեմբերի 9-ի հայտարարությանը, մինչդեռ Ալիեւը հղում է անում նոյեմբերի 10-ի հայտարարությանը։
Այդ հակահայ փաստաթղթի ստորագրման կապակցությամբ ժամանակին իրարամերժ տեղեկություններ եղան, ըստ որոնց՝ նոյեմբերի 9-ին կարծես թե ստորագրել էին Ալիեւը եւ Պուտինը, իսկ Փաշինյանը՝ 10-ին։ Դա բացատրվեց ժամային տարբերություններով, սակայն այդ «փոքրիկ թյուրիմացությունը» այնուամենայնիվ հարցեր է առաջացնում։
Արդյոք Ալիեւն ու Փաշինյանը ստորագրել են տարբեր փաստաթղթեր։ Ավելի ճիշտ՝ Ալիեւն ու Պուտինը ստորագրել են «իսկական փաստաթուղթը», իսկ Փաշինյանը ստորագրել է ձեւակերպումները քիչ ինչ փոխած տարբերակը, որտեղ օրինակ «Մեղրիի միջանցք» արտահայտությունը չկա։
Հնարավոր է դա արվել է նրա դեմքը պահելու, նրան իշխանության պահելու նպատակով։ Կարելի է հիշել Պուտինի հորդորն Ալիեւին ու պրոռուսական բլոկի երկրների ղեկավարներին՝ Փաշինյանին աջակցելու եւ շատ չնեղելու մասին։
Նիկոլ Փաշինյանն ուղիղ կախման մեջ է հայտնվել Պուտինից, որը հնարավոր է դարձել ոչ միայն քաղաքական ճնշումների ու շանտաժի միջոցով, այլեւ հնարավոր է անձնական բնույթի կոմպրոմատների ուժով։ Նիկոլ Փաշինյանը նկատելիորեն «ջանում է», երբեմն կարծես թե անելով ավելին, քան պահանջվում է։
Պետական պատասխանատու կառույցներից փաստաթղթերն ու պայմանավորվածությունները թաքցնելը դրա հետեւանքն ու վկայությունն են։ Մի ամբողջ երկիր ու ժողովուրդ փաստորեն պատանդ է դարձել նրա անձնական խնդիրներին։
Աղբյուր՝ Lragir.am