Վերջին շրջանում կառավարության եւ իշխող մեծամասնության օրենսդրական նախաձեռնությունները միտված են ներքին որոշակի սահմանափակումներին՝ տեղեկատվության, տեղական ինքնակառավարման, հանրային նախաձեռնությունների ոլորտներում։ Ընդ որում, ուշադրության է արժանի հանգամանքը, որ օրենսդրական այդ նախաձեռնությունները Ռուսաստանում վերջին շրջանում ընդունված օրենքների ու իրավական ակտերի հայելային արտապատկերումն են։ Դրանք ուղղված են հանրային ազատությունների ու իրավունքների սահմանափակմանը։
Ռուսաստանում նման խստացումները փորձագետները բացատրում են ներքին դժգոհությունների, արտաքին ճնշումների, ներիշխանական անորոշությունների աննախադեպ աճով։ Իշխանության դեսակրալացումը Ռուսաստանում, ինչպես նաեւ սպասվող տրանզիտը սրել են ներիշխանական խմբերի պայքարը։ Ստեղծված պայմաններում Կրեմլը գնում է ներքին կոշտացումների՝ կլանների համերաշխությունը եւ տրիլիոնների հասնող գողոնը պահելու համար։
Հայաստանի իշխող ռեժիմն իհարկե իր խնդիրներով համեմատելի չէ, միեւնույն ժամանակ այն քայլեր է ձեռնարկում, ակնհայտորեն Կրեմլի աջակցությամբ ու նրան ներդաշնակ, իշխանության մնալու համար։ Ընդ որում, ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում ռեժիմների խնդիրը ոչ թե «ընդդիմությունն է», այլ հանրային-պետական լեգիտիմությունն իր բազմաշերտ իրողություններով, որն անդառնալիորեն կորսվել է։ Խստացումներին միտված քայլերը դրա գիտակցման վկայությունն են։
Կասկած չկա, որ այս խստացումները հակառակ էֆեկտ են ունենալու։ Հայաստանի պարագայում՝ առավել եւս։ Կառավարությունն այդպիսով անցնում է «օկուպացիոն ռեժիմի»՝ դրանից բխող հետեւանքներով։