Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը «Երևան Ջուր» ընկերության տնօրեն Գոռ Գրիգորյանի ուղեկցությամբ հետևել է մայրաքաղաքում կառուցվող նոր ջրագծերի, ջրահեռացման համակարգի ընդլայնման և անձրևորսիչների տեղադրման աշխատանքներին, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:
Մայրաքաղաքի հեղեղատար համակարգի ամբողջ երկարությունը 253 կիլոմետր է: Ցանցն ամբողջապես սպասարկվում է «Երևան Ջուր» ընկերության կողմից, սակայն ոչ բոլոր փողոցներն են ապահովված ջրահեռացման համակարգերով:
Թեև ցանցը, ընդհանուր առմամբ, բավարարում է առկա պահանջներին, այդուհանդերձ, առանձին հատվածներում առատ տեղումների ժամանակ ժամանակավոր որոշ դժվարություններ են առաջանում: Խնդրին աստիճանական լուծում տալու համար Երևանի քաղաքապետարանն ու «Երևան Ջուր» ընկերությունը լայնածավալ աշխատանքներ են իրականացնում:
Կամո Արեյանը եղել է քաղաքապետարանի շինբարեկարգման ծրագրով հիմնանորոգվող 30 փողոցներից մի քանիսում, ուր, մինչ կապիտալ ասֆալտապատումը կկառուցվեն լրացուցիչ անձրևատար համակարգեր: Ծրագիրը մեկնարկել է ապրիլից և կշարունակվի մինչև տարեվերջ:
Հալաբյան փողոցում, մասնավորապես, անցկացվում է ջրատար նոր համակարգ, իրականացվում են նոր դիտահորերի և անձրևընդունիչների տեղադրման աշխատանքներ: Անձրևաջրերի կուտակման առումով խնդրահարույց հատվածներից մեկը Իսակովի պողոտա–Բաբաջանյան փողոց հանգույցն էր: Այստեղ կառուցվում է նոր պոմպակայան, որի միջոցով կուտակված ջուրը կմղվի ջրահեռացման համակարգ: Հալաբյան փողոցի Կիևյան փողոցին հարող հատվածում կավելանա անձրևորսիչների թիվը:
Աշխատանքային շրջայցի ընթացքում Կամո Արեյանը նաև կոնկրետ հանձնարարականներ է տվել՝ կապված ինչպես աշխատանքների որակի, այնպես էլ ժամանակացույցի հետ: Լենինգրադյան,Գյուրջյան, Գլինկայի և խնդրահարույց ևս 9 փողոցներում անձրևաջրերի կուտակման սպառնալիքը վերացել է 2011-2012 թվականներին Երևանի քաղաքապետարանի և «Երևան Ջուր» ընկերության համատեղ ֆինանսավորմամբ կառուցված 2.2 կմ երկարությամբ ջրահեռացման նոր համակարգ անցկացնելու արդյունքում:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկով, «Երևան Ջուր» ընկերության հետ կազմվել է վերակառուցման և հեղեղատար նոր համակարգի կառուցման համաքաղաքային ծրագիր, որում ներառվել են 74 փողոցներ: Ծրագրի լիարժեք իրականացման համար կպահանջվի շուրջ 2.2 միլիարդ դրամի ներդրում: Աշխատանքներ նախ կիրականացվեն հրատապ լուծում պահանջող փողոցներում:
2013 թվականի ապրիլ ամսից մինչ օրս թվով 33 փողոցներում վերակառուցվել է շուրջ 850 գծամետր հեղեղատար համակարգ: Գույքագրվել են նաև 22 փողոցներ, որոնցում դիտահորերի նիշային մակարդակը չի բավարարում ջրահեռացումն ամբողջ ծավալով կատարելու համար:
Պատասխանատուների խոսքով կխստացվի նաև վարչարարությունը, որպեսզի բնակիչներն ու տնտեսվարողները ապօրինի գործողություններով չկարողանան խոչընդոտել ջրահեռացման համակարգերի բնականոն աշխատանքին:
Ջրահեռացման նոր համակարգերի կառուցման, վերակառուցման և անձրևորսիչների տեղադրման աշխատանքները կշարունակվեն նաև 2014 թվականին: