ՊԱՎԵԼ ԴԱԼԼԱՔՅԱՆ, Ezerk.am

Մինչ իշխող քաղաքական շրջանակը ոգեւորված է «մոխրոտիկը Վաշինգտոնում» էպիկական պատումով, իսկ նախարարների կաբինետում նորից կատակ է հնչում, Անկարա-Բաքու զույգը, մոսկովյան պաղ հայացքի ներքո, մշակում է Երեւանին անակնկալ խոստացող նոր սխեմաներ

Օկուպացված Կարսում «Քիշ-2021» լայնածավալ զորախաղերը Բաքվի զինյալների եւ տեխնիկայի մասնակցությամբ, ինչպես եւ 2020 օգոստոսյանները ուղղված են Հայաստանի դեմ: Ճիշտ է, բոլոր թուրք, շատ ռուս եւ նույնիսկ որոշ հայ մեկնաբաններ հակառակն են պնդում: Իրականում, վարժանքները, անգամ ավերիչ արցախյան կամպանիայի համեմատությամբ, թե ռազմական, թե քաղաքական մտահոգիչ տարրեր են պարունակում: Ռազմական բաղադրիչին դեռ կանդրադառնանք: Առայժմ սահմանափակվենք քաղաքական հանգամանքների ուրվագծումով:

Նկատենք, որ արդիականացված ռազմական շինարարությանը եւ օպերատիվ պլանավորմանը զուգահեռ, թշնամու եւ նրան առընթերների կողմից իրականացվում է հայ հանրությանը թմրեցնող հոգեբանական մշակում՝ գալիք հավերժ խաղաղության եւ տնտեսական բարօրության ոգով: Տարածաշրջանում գործող ուժերի հանդեպ չափազանց ակտիվ է թուրք դիվանագիտությունը: Մինչդեռ ՀՀ ռազմական եւ արտաքին գերատեսչությունների պաշտոնական վերաբերմունքը «Քիշ-2021» վարժանքների հայտագրված ընդգծված հարձակողական սցենարին անորոշ է:

Ցավալի ընդհանուր իրողությունն այն է, որ 2020-ականների սկզբին Հայաստանի անվտանգության խնդիրը տակավին առնչվում է բացառապես 1921-ին հաստատված Մոսկվա-Կարսի պայմանագրային ռեժիմին: Մինչդեռ ռեժիմի վիճակը ստիպված է անմխիթար ճանաչել նույնիսկ ՌԴ ԱԽ վոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը. նա նշում է Անդրկովկասում Թուրքիայի «օրինական» շահերը հարգելու անհրաժեշտությունը: Մեդվեդեւի գնահատականը լավատեսական է: Ներկան այլ է:

Իրականում, 2016-ից ի վեր Հայաստանը հայտնվել էր «մոսկովյան սահմաններ առանց Մոսկվայի երաշխիքների» վիճակում: Խոսքը թե ՀՀ, թե ԱՀ սահմաններին է վերաբերում: Վերջինները արդեն չէին պաշտպանվում Ռուսաստանի մասնակցությամբ Բիշքեքում կնքված քառակողմ արձանագրության կողմից: Հակառակ Հայաստանին վերաբերող ռուս-թուրքական գաղտնի պայմանավորվածության հայտանիշներին, իրողությունն ամենեւին այդպիսին չէր գիտակցվում: Աջ ու ձախ «հակառուսականության» ծամծմված կլիշեն էր բանեցվում:

Արցախյան երկրորդ պատերազմի նախօրեին ընդունված ՀՀ ռազմական եւ պաշտպանական հայեցակարգերը խարսխված էին Մոսկվա-Կարս պայմանագրերի դեռեւս խորհրդային ռեժիմի վրա, ինչը եւ ճակատագրական դարձավ: 2020 պատերազմի ակամա թեստը հսկայական տարածք եւ մարդկային կորուստներ արժեցավ: Այդուհանդերձ, փորձի բացասական եւ ողբերգական արդյունքը նույնպես հավաստի արդյունք է:

Ռուս-թուրքական պայմանագրերի անվտանգության ռեժիմը պաշտպանության եւ անվտանգության հայկական հայեցակարգերի ընդունման պահին այլեւս գոյություն չուներ՝ հայ-ռուսական պայմանագրերը մակուլատուրա էին, իսկ Գյումրիում 102 ռուսական կայանը մետաղի ջարդոնատեղի էր:

Ուշագրավ է, որ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, անվտանգության հայեցակարգի հրապարակման պահին Ֆեյսբուքում «լավ հայեցակարգը մի քանի տարի հետո ավելի լավով փոխարինելու» հույս էր հայտնում:

Այժմ թշնամու խնդիրն անվտանգության երաշխիքների բացակայությունը քաղաքական եւ ռազմական իմաստներով արդյունավետ կապիտալացնելուն է հանգում: «Լավատեսական» սցենարով, որեւէ, ենթադրաբար արցախյան սրումի, պատրվակով պիտի իրականացվի ՀՀ մասնակի օկուպացիա՝ տարածքների օտարումը եւ էքստերիտորիալ միջանցքները ճանաչող եռակողմ «ռուսախառն» քաղաքական ռեժիմի առաջացմամբ: Հայաստանի խնդիրը հակառակը պիտի լինի. դուրս գալ ռուսական «փրկչության» քիմեռների՝ մահաբեր արմատացած բարդույթների շրջանակից:

Այդ շրջանակում է գտնվում, անտարակույս, արցախահայության որոշ մասի՝ պատմականորեն պայմանավորված հակումը ռուսական օկուպացիայի գաղափարին: Արցախում այսպես կոչված «խաղաղարար գործողությունը» կոչված է ապահովել Հայաստանի այդ հատվածի ռուսականացումը: Ռուսերենի պաշտոնական կարգավիճակի պարտադրանքը օկուպացիոն քաղաքականության պերճախոս դրսեւորումն է լինելու:

Կարելի էր, իհարկե, տեսական դատողություններ անել 1921-ի Մոսկովյան պայմանագրի պաշտպանական ռեժիմը ինչ-ինչ զոհողությունների գնով գոնե մասնակի կենդանացնելու ուղղությամբ: Սակայն Ռուսաստանի միջազգային սաստկացող մեկուսացումն ու ներքին անկայունությունը որեւէ հույս այդ իմաստով չեն ներշնչում. իմպերիան հեռանում է Կոկասից եւ առիերգարդային մարտեր է վարում: Հայերը այդ մարտերում դարձյալ սպառվող ռեսուրսի դերում են: Թուրքիան առավել եւս հակված չի լինելու ստատուս-քվոն ամրագրելու՝ Կարսի զորախաղերը դրա վկայությունն են:

Այսպիսով, Հայաստանին մնում է հնարավորինս արագ մշակել նոր քաղաքականություն: Դրությունը եղածից ավելի վատ ներկայացնելու կարիք չկա՝ երկիրը իր ժողովրդով եւ ազգի արտասահմանյան հատվածով դեռ ունի հնարավորություններ, առաջին հերթին քաղաքական հողի վրա: Անշուշտ, մոխրոտիկների, պինոկիոների, պյեռոների եւ զավեշտալի այլ պերսոնաժների երկրորդական դերակատարությամբ:

Շարունակելի