Մենք ոստիկանների շատ ենք տեսել, Խորհրդային միությունում ենք պայքարել, տարբեր նախագահների ժամանակ ենք պայքարել, բայց այն դաժանությունը, որն այսօր տեսա՝ երբեք չէր եղել, փետրվարի 23-ի երթին ասել է Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։


Հայրենիքի փրկության շարժումը կամ 17 կուսակցությունների միավորումն ասպարեզ իջավ նոյեմբերի 9-ից հետո։ Սկզբում, երեւում է էմոցիոնալ ուժեղ ֆոնին, հայտարարվեց «դավաճանական փաստաթուղթը» մերժելու մասին, սակայն Լավրովի զգուշացումից հետո 17-ը ողջունեց եռակողմ հայտարարությունն ու Ռուսաստանին։ Վազգեն Մանուկյանն իր հերթին այսպես ձեւակերպեց՝ մենք չենք ընդունում այդ փաստաթուղթը, բայց ոչինչ չենք կարող փոխել։ Այսպիսով, 17-ը տեղավորվեց «միակ դավաճանի ու Ռուսաստանի փրկչության» սխեմայի մեջ, որը Հայաստանում Էրդողան-Պուտին տանդեմի ծրագրերի իրականացման եւ Նիկոլ Փաշինյանի կամակատար ռեժիմը պահելու երաշխիքն էր։


Այս մասին շատ է գրվել, կարիք կա սակայն կրկին անդրադառնալ մի կարեւոր հանգամանքի՝ ՀԱՊԿ ղեկավարների վեհաժողովին Պուտինի հորդորը կազմակերպությանը՝ ամեն կերպ աջակցել Նիկոլ Փաշինյանին։ Դա ենթադրում է ՀԱՊԿ արագ արձագանքման ստորաբաժանումների միջամտությունը իրադարձություններին, եթե դրանք վտանգ սպառնան ռուսական ծրագրերին։ Ըստ ամենայնի, Փաշինյանի թիկնազորում եւ ոստիկանության ստորաբաժանումներում արդեն իսկ ներդրված են համապատասխան ուժեր։ Այդ մասին նույնիսկ թեթեւ արտահոսքեր եղան ԶԼՄ-ներում՝ «հայերեն խոսող, բայց հայկական արտաքին չունեցող հատուկջոկատահինների» հիշատակումով։


Ցավոք, այդ թվում ներքաղաքական որոշումները ներկայում ընդունվում են Մոսկվայում, եւ դա սահմանների հանձնման հետ միասին ամբողջացնում է Հայաստանի իրավիճակը։ Դատելով 17-ի «օրակարգից» ու հռետորաբանությունից, կասկածներ են առաջանում, թե այստեղ նվազագույն պատկերացումներ անգամ կան, թե ինչ է կատարվում։ Մյուս կողմից, այդ «օրակարգն» առայժմ լիարժեք տեղավորվում է վերը նկարագրված սխեմաների մեջ։

Խնդիրը, կամ ելքն այստեղ իհարկե մեկն է՝ փոխել օրակարգը, ավելի ճիշտ՝ ստեղծել ազգային-պետական հիմնախնդիրներին համարժեք օրակարգ, դուրս գալով այդ սխեմաներից։ Դա պահանջում է միտք, համարձակություն, որոշումների կայացման այլ, ոչ պարտադրված իրավիճակային հիմքեր։ Նման ուժեր ու ռեսուրսներ կան այդ թվում 17-ում, կան նաեւ տարտամ ակնարկներ՝ համահայկական ինչ որ համաժողով հրավիրելու վերաբերյալ։ Խնդիրն այն է, թե կա՞ արդյոք դրա ցանկությունը։ Հակառակ պարագայում, «աննախադեպ դաժանությունները» գնալով ավելի աննախադեպ են դառնալու, եւ սա իշխանություն-ընդդիմություն պարզ դիմակայության հարց չէ։

Հայաստանի դեմ մեծագույն հանցագործություն է կատարվել, այն շարունակվում է, եւ ակտուալ դաշտի մասնակիցները ընտրության ու պատասխանատվության առաջ են՝ դիմադրում են այդ ընթացքին, թե դառնում դրա «պրովայդերներից» մեկը։ Քարոզչական աղմուկը երկար չի կարող եւ արդեն չի ծածկում այս իրողությունը։

Աղբյուր՝ https://www.lragir.am/2021/02/24/622909/