Ռուսական լրատվամիջոցներն անդրադարձել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ «Իսկանդերի» հրթիռը չի պայթել կամ 10 տոկոսով է պայթել:

«Իսկ գուցե կպատասխանե՞ն, թե «Իսկանդերը» կրակողը ինչո՞ւ չի պայթել կամ պայթել է, օրինակ, 10 տոկոսով»: Դիտողությանն այն մասին, որ այդպես էլ է պատահում, եւ «չգիտեմ: Գուցե այն պատճառով, որ դա 80-ական թվականների զենք է»:


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է տեղեկությունները 2020 թվականի աշնանը Լեռնային Ղարաբաղում պատերազմի ժամանակ «Իսկանդեր» օպերատիվ-տակտիկական հրթիռային համալիրի կիրառման մասին, սակայն կասկածել է դրա արդյունավետությանը, նշել է «Ինտերֆաքսը»:

«Վարչապետն ուղղակիորեն չի ասել համալիրների օգտագործման մասին եւ իր խոսքը ոչ մի կերպ չի պարզաբանել»,- նշում է «Կոմերսանտ» պարբերականը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը:

«ՌԻԱ Նովոստի»-ն նշում է, որ «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 1in.am պարբերականի հետ զրույցում հայտարարել է Լեռնային Ղարաբաղուն էսկալացիայի ժամանակ «Իսկանդեր» օպերատիվ-տակտիկական համալիրների «չպայթած» հրթիռների մասին»:

ՀՀ վարչապետի հայտարարության մասին գրել է նաեւ ՌԲԿ-ն իր՝ «Վարչապետը կասկած է հայտնել ռուսական «Իսկանդերների» արդյունավետության հարցում» վերնագրով հոդվածում:

«Փաշինյանն այսպես է մեկնաբանել ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ հայկական կողմն «Իսկանդերը» կարող էր կիրառել պատերազմի չորրորդ օրը»,- նշում է ՌԲԿ-ն:

«ՀՀ պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, թե Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում օգտագործված «Իսկանդեր» հրթիռները «չեն պայթել կամ պայթել են միայն 10 տոկոսով»: Այդ մասին չորեքշաբթի ԶԼՄ-ներին հայտնել է ռազմական գերատեսչության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գեւորգ Ալթունյանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Իսկ այսօր ռուսական լրատվամիջոցները հայտնեցին Ռուսաստանի Պետդումայի` Հայաստանի վարչապետի հայտարարության հետ կապված արձագանքի մասին:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը «Իսկանդեր» օպերատիվ-տակտիկական համալիրի իբր չպայթած հրթիռների մասին վկայում է նվազագույնը նրա ոչ բանատեղյակության մասին, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ Պետդումայի պատգամավոր, Ռուսաստանի եւ Սիրիայիր խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Դմիտրի Սաբլինը:

«Վատ պարողին ոտքերը խանգարում են: Այս խայթող ժողովրդական իմաստությունը լավագույնս է բնութագրում հայ վարչապետի խոսքը վերջին պատերազմում «Իսկանդերի» օգտագործման եւ դրանց «հնացած» լինելու մասին: Մարդիկ, որոնք ավելի լավ են հասկանում պատերազմի եւ խաղաղության հարցերը, գիտեն, որ սա լավագույն ունիվերսալ օպերատիվ-տակտիկական համալիրն է, XXI դարի զենքը: «Իսկանդերը» իր բարձր բնութագրերը հաստատել է Սիրիայում ահաբեկչության դեմ պատերազմում»,- ասել է Սաբլինը:

Նրա կարծիքով՝ բանը ոչ միայն Հայաստանի վարչապետի ոչ բանատեղյակությունն է:

«Սորոսական մեթոդները Փաշինյանին դավաճանեցին... Սա եւս մեկ վկայություն է, թե ինչպես է փողոցը բարձրագոչ գեղեցիկ կարգախոսներով օտար, թշնամական սցենարով իշխանության բերում մարդու, որը կործանում է իր երկիրը: Սրանում կարողացան համոզվել ոչ միայն Հայաստանի քաղաքացիները»,- հավելել է պատգամավորը:

Պետդումայի պաշտպանության կոմիտեի փոխնախագահ Վիկտոր Զավարզինը «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանին տված հարցազրույցում քննադատել է հայ քաղաքական գործչի կարծիքը: Նա նշել է, որ այդպիսով Փաշինյանը որոշել է ընդգծել իր անմեղությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքներում:

«Երբ մարդն ուզում է անմեղ լինել, նա մեղավոր կհանի եւ՛ «Իսկանդերներին», եւ՛ հայ ժողովրդին, եւ՛ զինվորականներին: Դա, իհարկե, չի համապատասխանում իրականությանը: «Իսկանդերը» բարձր ճշգրտության զենք է, այն իրեն դրսեւորել է տարբեր զորավարժություններում: Դա բացարձակ սուտ է (Փաշինյանի խոսքերը,-«Գովորիտ Մոսկվա») եւ նույնիսկ կասկածի ենթակա չէ: Պատահական չէ, որ Արեւմուտքը հաճախ է խոսում այդ փոքր հեռահարության հրթիռները բանակցային գործընթաց բերելու մասին: Սիրիայում դրանք կիրառվել են բազմիցս եւ շատ ճշգրիտ: Ես, մեղմ ասած, համաձայն չեմ պարոն Փաշինյանի այդ կարծիքի հետ»,- ասել է Զավարզինը: