Lragir.am-ը գրում է. Արևմուտքում հայկական լոբբինգի ներկայացուցիչները բացահայտ խոսում են այն մասին, որ Արցախի միջազգային ճանաչման գործընթացը, որը եվրոպական երկրների խորհրդարաններում սկսվել էր պատերազմի ժամանակ և հետո, կարելի է վերսկսել միայն Հայաստանի կողմից ազդանշաններից հետո։ Արցախի հարցը վերաբերում է Հայաստանի սահմաններին, սա ցեղասպանության հարց չէ, որ կարելի լինել ճանաչել առանց Հայաստանի կողմից դիմումների, ասում են ֆրանսահայ լոբբիստները։ Որպեսզի Ֆրանսիայի իշխանությունը վերադառնա Արցախի ճանաչմանը, անհրաժեշտ է, որ Հայաստանը այդ հարցով դիմի Փարիզին, ասում են նրանք։
Ինչու՞ Հայաստանը չի դիմում այն երկրներին, որոնք պատրաստ են աջակցել։ Սա մի հասարակ հարց է, որը պետք է ծագի ցանկացած ռացիոնալ մտածող հայի մոտ։ Ինչո՞ Հայաստանը չի ճանաչում Արցախը և ինչու՞ չի դիմում այն երկրներին, որոնք կարող են օգնել։
Հայ լոբբիստները խոստովանում են, որ իրենք իրենց երկրներում ստիպված են պայքարել թուրքական լոբբիստների դեմ, ովքեր կաշառում են բոլոր նրանց, ում հնարավոր է կաշառել։ Նրանք նաև ասում են, որ Հայաստանը չի դիմում միջազգային հանրությանը, որովհետև վախենում է փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ։
Ստացվում է, որ Թուրքիան խոչընդոտում է հայկական շահերի պաշտպանմանը արտասահմանում, իսկ Ռուսաստանը՝ Հայաստանու՞մ։ Թե՞ նրանք Հայաստանում են գործում ձեռք ձեռքի տված։
Սերգեյ Լավրովն ասում է, թե Թուրքիան մտադիր չէ ստեղծել Թուրան, և նրա շահերը կրում են մշակութային բնույթ։ Փաստորեն, Ռուսաստանի ԱԳ նախարարը կարծում է, որ Հայաստանը չպետք է վախենա Թուրքիայի ամբիցիաներից։ Ըստ երևույթին, Երևանը չպետք է զգուշանա Կարսում թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններից, որոնք անկասկած ուղված էին Հայաստանի դեմ։
Արդյոք Հայաստանը սպառնալիք չի տեսնում։ Թե՞ 100-ամյա ռուս-թուրքական հիպնոսը շարունակվում է մինչ օրս։ Ինչու՞ Երևանում չեն տրվում պարզ հարցեր։ Ինչու՞, երբ խոսվում է անվտանգության համակարգի փոփոխության մասին, որը նշանակում է, որ «ռուսական համակարգն» այլեւս չի գործում, իշխանությունները չեն դիմում ՆԱՏՕ-ին, այլ երկրների՝ անվտանգության հարցերում աջակցության համար։ ԶԼՄ-ներում կային տեղեկություններ, որ օրինակ Ֆրանսիան առաջարկում է այդպիսի աջակցություն։
Պատերազմից անմիջապես հետո Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատները ընդունել են բանաձև, որը կոչ էր անում վերադառնալ 1994 թվականի սահմաններին և ճանաչել Արցախը։ Նման բանաձևեր են ընդունել նաև եվրոպական այլ երկրների խորհրդարաններ։ Հայաստանը ողջունել է այդ բանաձևերը, սակայն երբ Ֆրանսիայի ԱԳ նախարարության բարձր ներկայացուցիչը ժամանել էր Երևան, նրա հետ խոսում էին փողերի, այլ ոչ թե Արցախի ճանաչման կամ ժամանակակից զենքերի մատակարարման մասին։
Հայաստանում ներքաղաքական «բանավեճերը» հանգում են Մոսկվա մատնագրեր ուղարկելուն։ Նոյեմբերի 9-ից հետո իշխող կուսակցության ներկայացուցիչը կոչ էր արել ընդդիմությանը բացահայտ հայտարարել, որ նրանք համաձայն չեն եռակողմ հայտարարությանը և ռուսական խաղաղապահների տեղակայմանը։ Ընդդիմությունն անմիջապես փոխել էր հռետորաբանությունը։ Իսկ Երբ Փաշինյանը հայտարարեց, որ Իսկանդերները «չեն պայթել», որովհետև հնացած էին, ընդդիմությունը մեղադրում է նրան Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրը վիրավորելու մեջ։
Հայկական կազմակերպություններին հաջողվել է ստեղծել Կենտրոնացված խորհուրդներ Արևմուտքում, և չնայած քաղաքական տարբեր հայացքներին՝ լուծել ազգային խնդիրներ։ Իսկ Հայաստանը կարծես կիսվում է անտեսանելի կացնով։ Արցախը արդեն կիսել են, հաջորդը Սյունիքն է, մասնատված ու ապակողմնորոշված հասարակությունն ի վիճակի չէ հարցեր տալ, ելնելով ինքնապահպանման բնազդից։ Այս իրավիճակում ազգային համերաշխության իշխանությունը Հայաստանի համար դարձել է անհասանելի ճոխություն։ Հայաստանը շարունակում է հույս ունենալ, որ Ռուսաստանը շուտով «կհաղթի» Թուրքիային, ՆԱՏՕ-ին, Չինաստանին, ում ասես, և մենք վերջապես կսկսենք ապրել։ Իսկ Ֆրանսիան դեռ սպասում է Հայաստանի դիմելուն, բայց դա անվերջ չի կարող շարունակվել։