Ի պատասխան իր դեմ ուղղված լայնածավալ արշավին, որ ընթանում է «դժգոհ ենք կապիտուլյացիայից, բայց շնորհակալ ենք այն պարտադրողին» կարգախոսի ներքո, Նիկոլ Փաշինյանը ստիպված էր դիմել եզովպոսյան լեզվին: Ակնհայտ է, որ նա չարաչար գերագնահատեց այլաբանություն ընկալելու իր ընդդիմախոսների ունակությունը
Սիրիայի համար արտադրված եւ Ալեքսանդր Մակեդոնացու արաբերեն անունը ստացած հրթիռային համակարգերը 2015-2016 թվականներին մատակարարվեցին Հայաստան: Նախատեսվում էր դրանց տեղակայումը Գյումրիի 102 ռուսական ռազմակայանում, սակայն որոշվեց հանձնել Հայաստանի լիակատար տնօրինությանը: Այդ մասին, մասնավորապես, հայտարարեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Լիակատար տնօրինության շուրջ հենց սկզբից առաջացած կասկածները վերաբերում էին պոտենցիալ հզոր զենքը առանց Ռուսսստանի արտոնության ա.կ. Ադրբեջանի կամ Թուրքիայի դեմ կիրառելուն: Այդ առումով մամուլում նշվում էին ա/ հրթիռների «ուղեղի» մեջ ներբեռնվող քարտեզագրական անհրաժեշտ ինֆորմացիայի աշխարհագրական սահմանափակման եւ բ/ մարտագլխիկների պայթյունը կանխող կոդավորման հնարավորությունները, օպցիաները: Այլ կերպ ասած, որոշ ուղղություններով հրթիռները չպիտի թռչեին կամ թռչելիս չպիտի պայթեին:
Նախագահ Սերժ Սարգսյանը 2021 փետրվարի վերջին նախատեց վարչապետ Փաշինյանին 2020 պատերազմի առաջին իսկ օրերին Իսկանդեր-Է 280 կմ հեռահարությամբ համալիրները չկիրառելու համար: Նախատինքին վարչապետ Փաշինյանը պատասխանեց, որ Սարգսյանը գիտե, թե ինչու չի կրակել հայկական Իսկանդերները, կամ եթե կրակել է, ապա 10%-ով է պայթել: «Երեւի 80-ականների զենք էր», հեգնել է Փաշինյանը:
Թե 10%, թե 80-ականները մատի փաթաթան են դարձել Երեւանի ռուսահայ եւ ՌԴ զլմ-ների համար: Ռուսական պաշտոնատար անձանցից ոմանք մեծ աղմուկ են բարձրացրել եւ մեղադրում են Փաշինյանին խնդրին չտիրապետելու մեջ, իբր նա չգիտե, որ Իսկանդերը 80-ականների զենք չէ, իսկ մարտագլխիկը չի կարող 10%-ով պայթել:
Իրողությունը, սակայն, բոլորովին այլ է: 80-ականների հիշատակումը վերաբերում էր Սերժ Սարգսյանի 2016-ին Գերմանիայում արված հայտարարությանը եւ ընդգծում էր թիրախից շեղված կամ չպայթած Իսկանդերների միանգամայն նոր լինելը: Այլ կերպ ասած, Փաշինյանը ամբաստանում է Մոսկվային Բաքվի ռեժիմի դեմ Իսկանդերների կիրառությունը սահմանափակող ա/ վերոհիշյալ օպցիայով:
10%-ի հիշատակումը զգալիորեն ավելի բարդ լեզվով է արված: Բանն այն է, որ Սիրիայի համար արտադրված Իսկանդեր-Է հրթիռները մայր ռուսական Իսկանդեր-Մ-ից տարբերվում են: Դրանց հեռահարությունը նվազ է գրեթե կիսով չափ, իսկ մարտական մասի կշիռը փոքր է 10%-ով: Փաշինյանի ակնարկը հետեւյալն է. չեն պայթել, կամ եթե կամենաք, մարտագլխիկի 10%, այսինքն, բացակայող մասն է պայթել, այն, որ «մնացել է» Ռուսաստանում: Այսպիսով, երկրորդ ամբաստանությունը վերաբերում է պայթյունը աշխարհագրական որոշակի շրջաններում, կամ ընդհանրապես արգելակող եւ արտադրող Ռուսաստանի ձեռքում գտնվող բ/ հնարավորությանը:
Կա նաեւ գ/ օպցիան: Դա Իսկանդեր-Է հրթիռների թռիչքը խափանելու միջոցներ ստեղծող ՆԱՏՕ երկրների եւ Իսրայելի ջանքերն են, որոնց մասին բնականաբար տեղյակ է Մոսկվան, քանի որ Սիրիայում Իսկանդերները այդ բարդություններին բախվել են: Ամենայն հավանականությամբ, նման միջոցների մասին Ռուսաստանը ՀՀ ղեկավարությանը տեղյակ չի պահել:
Ինչպես տեսնում ենք, ծանր ամբաստանությունները որեւէ կապ չունեն ՀՀ վարչապետի՝ խնդրին չտիրապետելու հետ: Կապ չունեն նաեւ «ռազմավարական գործընկերոջ» ռազմական-արդյունաբերական համալիրի նուրբ զգացմունքները վիրավորելու ցանկության հետ: Ընդհակառակը՝ Սերժ Սարգսյանի հռետորական հարցադրումը ստացել է առավելագույնս անուղղակի պատասխան:
Հայաստանին զինատեսակների անհարկի մատակարարումը, վաճառվածի տեխնոլոգիական հետամնացությունը եւ թույլ մարտական հնարավորությունները, ինչպես նաեւ համատեղ ՀՕՊ եւ ՌԷՊ միջոցների ընդհատ կիրառումը եւ բազմաթիվ այլ հանգամանքներ առաջացրել են եթե ոչ վճռորոշ, ապա էական բարդություններ 2020 Արցախյան պատերազմի ընթացքին: Բնականաբար, ռուսական սպառազինության, ռուսական ռազմագիտության, Ռուսաստանի հետ դաշնակցային հարբերությունների վստահելիության հանդեպ առաջացել է միանգամայն բնական անվստահություն:
Հարաբերությունների հետագա շարունակությունը նույն ոգով հնարավոր չէ: Հայաստանին պետք չէ նոր պարտություն հանուն ռուսական զենքի վաճառականների նյութապաշտ նկրտումների: Մանավանդ, այնպիսի հանգամանքներում, ինչպիսիք են Արցախի զգալի մասի օկուպացիան հոգուտ ռուսական ռազմական ներկայության, Իրանի հետ սահմանից զրկող Սյունիքի էքստերիտորիալ միջանցքը, Արցախում պաշտոնական օտար լեզուն, 1919թ. Լենին-Քեմալ համաձայնությամբ կորսված Արեւմտյան Հայաստանը, 1921թ. Մոսկովյան պայմանագրով «օրինականացված» Կարս-Արդահանի, Արարատ-Բայազեթի եւ Նախիջեվանի օկուպացիան: Նման պարագաներում ռազմավարական գործընկերության մասին խոսելը այլեւս լուրջ չէ եւ չափազանց վտանգավոր է:
Այդուհանդերձ, պետք է նշենք նաեւ հետեւյալը: Փաշինյանի կառավարման ընթացքին բազմաթիվ կոպտագույն սխալները, կեղծ օրակարգերի առաջադրումը՝ հատկապես, որեւէ բացատրություն չունեցող կադրային քաղաքականությունը էապես թուլացրել են կառավարության լեգիտիմությունը, ինչը եւ հող է ստեղծել արտասահմանում ամեն տեսակի անվայել ելույթների համար, այդ թվում պաշտոնատար անձանց շրջանում: Մեր թշնամու եւ նրան քաջալերողների լեզուն այսքան երկար չպիտի լիներ, Նիկոլ: