ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չեղարկել է երկիր մուտքի սահմանափակումների վերաբերյալ իր նախորդի՝ Դոնալդ Թրամփի հրամանը մի շարք օտարերկրացիների համար, հաղորդում է DW պարբերականը: Թրամփը 2020թ.-ի ապրիլից «գրին քարտի» դիմում ներկայացրած բազմաթիվ օտարերկրացիների արգելել էր երկիր մուտք գործել՝ կապված համավարակի հետ։
ԱՄՆ նախկին նախագահն այդ սահմանափակումը բացատրել էր նրանով, որ դա ռիսկային կլիներ ամերիկյան աշխատաշուկայի համար։ Իսկ Ջո Բայդենի վարչակազմը կարծում է, որ այս որոշումը վնաս է հասցրել ԱՄՆ-ին, քանի որ մի շարք քաղաքացիների ընտանիքի անդամներին և մշտական բնակության կարվագիճակ ունեցող օրինապաշտ մարդկանց թույլ չի տվել միավորվել ընտանիքի անդամների հետ։ Բացի այդ, ըստ Բայդենի, Թրամփի որոշումը վնաս է հասցրել այն ոլորտներին, որոնցում ներգրավված են տաղանդավոր մասնագետներ ամբողջ աշխարհից։
Դոնալդ Թրամփի որոշումը գործում էր 2020 թ.-ի ապրիլի 24-ից և վերաբերում էր այն օտարերկրացիներին, որոնք գտնվում էին ԱՄՆ-ի սահմաններից դուրս և այդ պահի դրությամբ դեռ չէին ստացել մուտքի իրավունք։ Բացառություն է արվել միայն բուժաշխատողների և մի շարք այլ մասնագիտությունների տեր մարդկանց համար, ովքեր, ըստ իշխանությունների, կարևոր են եղել համավարակի դեմ պայքարի համար։