2020 աշնանը Արցախում եւ Երեւանում արդեն այս օրերին տեղի ունեցող բոլոր իրադարձությունները ռուս-թուրքական Մոսկովյան պայմանագրի մարտ 16-ին ավարտվող 100-ամյա ժամկետի հետեւանք են: Կարս-Արդահանը, Արարատը եւ Նախիջեւանը պիտի վերադարձվեն Հայաստանի Հանրապետությանը: Բնականաբար այդ պահանջը պիտի առաջադրի Երեւանը: Բնականաբար թիվ մեկ առարկողը Թուրքիան չէ՝ Մոսկվան պիտի լինի: Դրանք հենց իր զիջած հայկական կենսական տարածքներն են
Մոսկվայի կատաղի դիմադրության պատճառը Ռուսաստանի 200-ամյա քաղաքականությունն է, որ հայ ժողովրդին արժեցել է միլիոնավոր զոհեր եւ հայրենիքի 9/10-րդի փուլային կորուստ: 2020-ի Արցախը ողբերգության հերթական արարն է:
Սա 2020 պատերազմի պատմական ընդհանուր խորապատկերն է: 2021-ի երեւանյան սրման պատճառը՝ Ռուսաստանի զենքի արտահանությանը սպառնացող Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքներն են, եթե դրանք ճշմարտացի ներկայացվեն: Բաքվի դեմ Իսկանդերների կիրառումը սահմանափակելու ռուսական փորձը, որին հեգնական լեզվով ակնարկեց Նիկոլ Փաշինյանը, նման քայլ է [Լրագիր, 1]: Մեկ փոքր քայլ ընդամենը:
Եթե Հայաստանը հրաժարվում է հնացած եւ անորակ զենքի գնումներից, ապա ռուսական արտահանումը միջազգային շուկայում դոմինո-էֆեկտի հետեւանքով ապրում է կատարյալ ֆիասկո՝ նյութական եւ իմիջային ծանրագույն հետեւանքներով: Ուստի ռուսական զենքի գնման պարտադրանքը Հայաստանին ընդունելու է ամենաարտառոց ձեւեր, ընդհուպ մինչեւ պետական հեղաշրջում ռուսական դրոշի, լեզվի եւ սվինների ներքո: Անշուշտ, հայրենասիրական բարձրագոչ կարգախոսների ուղեկցությամբ: Մարտ 16-ով եւ Արցախի ինքնիշխանության ճանաչման վտանգով է պայմանավորված նաեւ հայաստանյան կյանքը ուղղակիորեն ապակայունացնելու ձգտումը:
Այստեղ է, որ երեք հանգամանքներին՝ Մոսկովյան պայմանագրի ժամկետի ավարտին, ռուսական եկամտաբեր բիզնեսի ու միջազգային իմիջի կործանմանը, ինչպես նաեւ Արցախի ճանաչմանը ավելանում է Ռուսաստանի ներքին քաղաքական անկայուն վիճակը: Մեր աչքի առաջ սրանք վերածվում են շաղկապված հանգամանքների:
Արեւելյան Հայաստանի օկուպացված տարածքների վերադարձը, Արցախի ճանաչումը եւ ռուսական զենքի ու ազդեցության անկումը: Այս գործոնները ի վիճակի են լրջագույն անդրադարձ ունենալ ռուսական եւ թուրքական պետությունների ճակատագրի վրա:
Միանգամայն բնական է, որ Մոսկվան Արցախյան ողբերգությամբ առաջացած հայության ցասումը իր վրայից հանելու նպատակ է հետապնդում: Այդ նպատակով, իր գործակալության, առաջին հերթին երեւանյան ռուսահայ զլմ-ների միջոցով, զայրույթը ուղղվում է Թուրքիայի վրա:
Սա 200-ամյա արյունոտ շրջանը էլի մի քանի տասնամյակով երկարաձգելու անթաքույց փորձ է: Թուրքերին մատուցվոլ հայկական «կերի» կորուստը ճակատագրական կլինի հյուսիսային հսկայի համար:
Ամեն մարդ, որ կատարում է իր քաղաքացիական ընտրությունը Մարտ 16-ին նախորդող այս տագնապալի օրերին, պետք է հնարավորինս ծանրութեթեւ անի կարեւոր բոլոր հանգամանքները: Հարյուրամյակների ընթացքում թանձրացած արյունը ջուր չէ եւ բարդ խնդիրները պարզունակ լուծումներ չեն ենթադրում: