Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյան շնորհավորական ուղերձ է հղել Շինարարի օրվա կապակցությամբ։
Ուղերձում ասվում է հետևյալը։
«Սիրելի շինարարներ,
Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:
Ամենօրյա ձեր նվիրված աշխատանքով դուք վերահաստատում եք հայ ժողովրդի արարելու, արարելով հաղթելու ու հավերժելու գաղափարը։ Նաև դրանով է պայմանավորված մեր ժողովրդի առանձնահատուկ վերաբերմունքը շինարարի մասնագիտության նկատմամբ:
Հազարամյա մեր ազգային հարստությունները, կոթողները, որոնք որպես ժառանգություն ստացել ենք մենք և որոնցով հպարտորեն ներկայանում ենք աշխարհին, նաև ձեր նվիրումի արգասիքն են։ Այսօր դուք եք շարունակում այդ գործն ու ձեզնից է կախված նաև, թե ինչ ենք փոխանցելու հաջորդ սերունդներին։
Ձեր գործն անչափ կարևոր է նաև այսօր, մեր մայրաքաղաքի համար, որովհետև ձեր աշխատանքով է, որ մեր սրտի մայրաքաղաքում, մեր Երևանում ստեղծվում է քաղաքաշինական այնպիսի միջավայր, որն առավել գեղեցիկ է ու հարմարավետ բնակչության ու մեր հյուրերի համար։
Մեկ անգամ ևս շնորհավորելով ձեր տոնի կապակցությամբ՝ քաջառողջություն, ընտանեկան բարօրություն ու երջանկության եմ մաղթում բոլորիդ: Թող Աստված ուժ և զորություն տա ձեր բազկին, միշտ պայծառ պահի ձեր միտքը՝ արարելու ի շահ մեր սիրելի մայրաքաղաքի ու երևանցիների»: