Երբ ապստամբները, որոնք Տրիպոլիում Ազգային համաձայնության կառավարության դաշնակիցներն են, 2020 թվականի մայիսի 18-ին հարձակվել են Խալիֆա Խաֆթարի Ալ Վատիա ավիաբազայի վրա Լիբիայում, նրանք գրավել են արժեքավոր մրցանակ՝ ռուսական արտադրության «Պանցիր» հակահրթիռային պաշտպանության համալիրը:

«Պանցիր» համալիրի գրավումը հասանելի է դարձրել Ռուսաստանի ռազմական տեխնոլոգիաների առանցքային հետախուզական տվյալները: Դա նաեւ տարաձայնություններ է առաջացրել Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ այն մասին, թե որ երկիրը կվերցնի այդ թանկարժեք համալիրը, գրում է The Africa Report պարբերականը:


«Լիբիային քաղաքացիական պետերազմի հարցում Տրիպոլիում տեղակայված կառավարությանն աջակցում է Թուրքիան, մինչդեռ ԱՄԷ-ն եւ ռուսական վարձկանները սատարում են Խաֆթարի գլխավորած Լիբիայի ազգային բանակին, որը սկսել է հարձակումը պետության մայրաքաղաքի վրա:

«Պանցիրը», որն ԱՄԷ-ի կողմից փոխանցվել էր Խաֆթարի ուժերին, տեղափոխել են Տրիպոլիից արեւելք՝ Էզ Զավիա քաղաք, որտեղ այն հայտնվել է վարձկանների տխրահռչակ հրամանատար Մոհամեդ Բախրունի ձեռքում: «Առնետ» մականվամբ հայտնի Բախրունը դատախազության կողմից հետախուզվում է եւ կասկածվում ԻՊ ահաբեկիչների եւ թմրավաճառների հետ կապերի մեջ:

Անկարայի դաշնակիցները տեղում արագ գրավել էին «Պանցիրը», եւ այն ուղարկվել էր Տրիպոլիի Միտիգա օդանավակայան, որտեղ թուրք զորքերը վերահսկողություն են սահմանել դրա նկատմամբ:

Հաջորդող մի քանի շաբաթվա ընթացքում միջազգային պայքար էր զարգացել դրա համար: ԱՄՆ-ից հրամայել էին իրականացնել «Պանցիրը» գրավելու գործողություն, պարզվել էր, որ բարդ հրթիռային համալիրը կարող է հայտնվել ծայրահեղականների ձեռքում:

Թուրքիան, որը ցանկանում էր մանրակրկիտ ուսումնասիրել «Պանցիրը», պնդում էր, որ այն պետք է անցնի իր հսկողության տակ: Երկու երկրները ձգտում էին դրդել Լիբիայի կառավարությանն անցնել իրենց կողմը:

Ի վերջո նրանք կնքել են գործարք: ԱՄՆ ուժերը պետք է տեղափոխեն այն Թուրքիա, որտեղ երկու կողմերը կկարողանան համատեղ ուսումնասիրել ռուսական համալիրը, տեղեկացրել են բանակցությունների մասին քաջատեղյակ անձինք:

Ռազմավարական հակակշիռ

Ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայեզ ալ Սարաջը եւ ներքին գործերի նախարար Ֆաթխի Բաշագան «այդ խաբեության ժամանակ երեխաների կարգավիճակում են եղել», ասել է պաշտոնյաներից մեկը՝ բացատրելով, թե ինչպես են Տրիպոլիում կառավարությանը ներքաշել այդ բարձր մակարդակի միջազգային վեճի մեջ:

Նրանք թեթեւություն են զգացել, երբ ԱՄՆ-ն ու Թուրքիան հանգել են փոխզիջման:

Այդ գործարքն ընդգծել է հարաբերությունները, որոնք սրվել էին Վաշինգտոնի եւ Անկարայի միջեւ վեճի հետեւանքով Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 համակարգերը ձեռքբերելու առնչությամբ:

Երկու երկրները ՆԱՏՕ-ի անդամ են: Լիբիայում, ինչպես եւ Սիրիայում, ԱՄՆ-ը հույս ունի, որ Թուրքիան կմասնակցի՝ որպես հակակշիռ Մոսկվայի:

Արդյո՞ք այժմ «Պանցիրներն» անօգուտ են

Ռուս պաշտոնյան ասել է, որ գրավված «Պանցիրն» արտահանվել էր ԱՄԷ, որը պատվիրել էր տասնյակ համալիրներ եւ տեղակայել դրանք պատերազմի դաշտում Խաֆթարին աջակցելու համար:

ԱՄՆ-ն ունեցել է հնարավորություն ուսումնասիրել դրանք ԱՄԷ-ում, հավելել է պաշտոնյան: Նա նշել է, որ արտահանվող տարբերակները զրկված են եղել գաղտնի բաղադրիչներից, այդ թվում՝ «Թշնամու ընկեր» տվյալների բազայից, որտեղ կան ռուսական ռազմածովային ուժերի նավատորմի կոդերը:

Այդուհանդերձ, ամերիկացի պաշտոնյաները չեն ունեցել հնարավորություն ուսումնասիրել համակարգն ԱՄԷ-ում:

Թուրքական հրճվանք

Թուրքիայի համար գրավված «Պանցիրը» կարող էր տալ էլ ավելի մեծ առավելություն «Bayraktar» եւ «Anka» ԱԹՍ-ներին «Պանցիր» համալիրների նկատմամբ:

Թուրքիան ոչնչացրել է «Պանցիրը» Լիբիայում, Սիրիայում եւ Ադրբեջանում Ռուսաստանի հետ հակամարտություններում:

Պաշտոնական արեւմտյան ներկայացուցիչները խոստովանում են, որ «Պանցիր» համակարգը բարդ է: Սակայն դրա արդյունավետությունը մեծապես կախված է դրա օպերատորների հմտությունից:

Սակայն «Պանցիրի» եւ դրա գաղտնիքների ուսումնասիրումը կարող է այն լիովին անօգուտ դարձնել՝ ի տարբերություն ոչ միայն թուրքական ԱԹՍ-ների, այլ նաեւ ՆԱՏՕ-ի տեխնոլոգիաների այլ տեսակների»,-գրում է հոդվածի հեղինակը: