Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Օնիկ Գասպարյանի ազատման հետ կապված հանրապետության նախագահի գործառութային լիազորություններին։

Նա գրել է.

«Օնիկ Գասպարյանի ազատման հետ կապված հանրապետության նախագահի գործառութային լիազորությունների մասին

Սահմանադրության 133-րդ հոդվածի համաձայն՝ զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմին նշանակում և ազատում է ՀՀ նախագահը վարչապետի առաջարկությամբ։

Վերոնշյալ հարցերով հրամանագրերի ստորագրման համար Սահմանադրությունը նախագահի համար նախատեսել է 3 օրյա ժամկետ։

Ն․ Փաշինյանի առաջարկությունը նախագահի կողմից ստացվել է 25.02.2021 թվականին։ Սա նշանակում է, որ 28.02.2021 թվականը Օ․ Գասպարյանին ազատելու վերաբերյալ նախագահի հրամանագրի ստորագրման վերջնաժամկետն է։

Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ Է ԱՆԵԼ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՍ ՓՈՒԼՈՒՄ, ԲԱՑԻ ՀՐԱՄԱՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒՄԻՑ

Սահմանադրության 139-րդ հոդվածը Հանրապետության նախագահին լիազորում է առաջարկության հետ համաձայն չլինելու դեպքում համապատասխան ակտը եռօրյա ժամկետում իր առարկություններով վերադարձնել Ն․ Փաշինյանին: ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՍ ՓՈՒԼՈՒՄ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԴԻՄԵԼՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ։

Նա կամ պետք է ստորագրի համապատասխան հրամանագիրը, կամ այն առարկություններով հետ վերադարձնի։

Եթե Ն․ Փաշինյանը չի ընդունում այդ առարկությունը, ապա Հանրապետության նախագահը կամ պետք է ստորագրի Օ․ Գասպարյանին ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից ազատելու վերաբերյալ հրամանագիրը կամ պետք է դիմի Սահմանադրական դատարան:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԴԻՄԵԼՈՒ ՆԱԽԱԳԱՀԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԾԱԳՈՒՄ Է ՄԻԱՅՆ Ն․ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՆԱԽԱԳԱՀԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՉԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ։

Վերջնաժամկետին՝ 28.02.2021 թվականին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ունի ընդամենը 2 քայլի հնարավորություն՝ ստորագրել Օ․Գասպարյանին ազատելու վերաբերյալ հրամանագիրը կամ այն առարկություններով վերադարձնել Ն․ Փաշինյանին»։