«Իհարկե, եթե ամեն ինչ մեր մտածածով ընթանա, չենք բացառում ինչ-որ փուլում խաղաղության պայմանագրի ստորագրում, որովհետեւ նոյեմբերի 10-ի հայտարարությունը ըստ էության խաղաղության պայմանագիր է», – հայտարարել է Իլհամ Ալիեւը:
«Չեմ ուզում խորանալ Հայաստանում տիրող իրավիճակի մեջ, դա կարող են օգտագործել որոշ ուժեր Երեւանում: Բայց մենք, իհարկե, հետեւում ենք իրավիճակին, այն հարեւան երկիր է: Ինչ վերաբերում է Ղարաբաղի հարցով համաձայնությունը վիժեցնելու փորձերին, ապա, ինչպես ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, դա ինքնասպանություն կլինի: Հետեւանքներն աղետալի կլինեն», – ասել է Ալիեւը՝ ավելացնելով, որ Ռուսաստանի նախագահի ստորագրությունը դրա կատարման երաշիքն է: Նա ասել է նաեւ, որ Ղարաբաղի կարգավիճակը չի կարող քննարկվել որեւէ ձեւաչափով:
Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարում է, որ ուժով պարտադրված համաձայնությունն ու Արցախի մի մասի օկուպացիան վերջնական լուծում չեն, եւ Արցախի կարգավիճակը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:
Բաքուն, Անկարան եւ Մոսկվան չեն թաքցնում տագնապը եռակողմ համաձայնագրի եւ Հայաստանը միջանցքների բաժանելու ծրագրերի վիժեցման կապակցությամբ: Ալիեւը երեկ բաց հայտարարել է, որ Հայաստանին այլեւս պետք չէ բանակ. «Ու՞մ դեմ է նրանց պետք բանակ: Պատերազմն ավարտվել է»:
Ադրբեջանի ԱԳՆ-ն իր հերթին նյարդային է արձագանքել Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակի հայտարարությանը, որ Հայաստանի տարածքով ցանկացած տրանսպորտային հաղորդակցություն Երեւանի իրավազորության տակ է լինելու:
Մոսկվան ցավոտ է ընդունել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը չպայթած Իսկանդերների մասին: Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունն իր սպառազինության իմիջը չփչացնելու համար հայտարարել է, որ Ղարաբաղում Իսկանդերներ չեն կիրառվել: Նույնն այսօր Ալիեւն է կրկնել:
Միեւնույն ժամանակ, Մոսկվան մտահոգություն է հայտնում Վրաստանում եւ Հայաստանում իրադարձությունների կապակցությամբ: ՀԱՊԿ-ը հայտրարում է, որ ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի սերտ կապերը կարող են սպառնալիք դառնալ տարածաշրջանին: Իսկ ռուս պաշտոնյաները բացահայտ ասում են, որ եթե Հայաստանը դեմքով շրջվի դեպի Արեւմուտք, դա կարող է աղետ դառնալ նրա համար: