Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ չի կարող կատարվածը անվանել հեղաշրջման փորձ։ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչը ասել է, որ գոյություն ունեն հեղաշրջման հստակ պարամետրեր, որոնք Հայաստանում չեն եղել, հետևաբար Վաշինգտոնը կշարունակի հետևել իրադարձություններին։ Սակայն նա կոչ է արել բանակին չմիջամտել քաղաքական գործընթացներին։


Այն մասին, որ հեղաշրջում չի եղել, որովհետև Գլխավոր շտաբի հայտարարությունից հետո չեն հետևել իշխանություն զավթելու գործողություններ, խոսում են նաև Հայաստանում։ Հայաստանի հրամանատարությունը իրականում չի հայտարարել, որ պատրաստ է իշխանությունը իր ձեռքը վերցնել, կամ այլ հայտրարություններ, որոնք կարող են որակվել որպես հեղաշրջում։


Նիկոլ Փաշինյանը հեղաշրջման փորձ է անվանել այն, որ Գլխավոր շտաբը պահանջել է իշխանության հրաժարականը։ Ի՞նչ նպատակով։ Իշխանության ուզուրպացիայի հավանական գործողությունների՞ց, ձերբակալությունի՞ց, թե արտաքին ուժերի ինչ-որ գործողություններից խուսափելու համար։ Արդյո՞ք կապ կա հեղաշրջման փորձի և ռուսական զենք ձեռք բերելուց հրաժարվելու հետ։ Որովհետև, ինչպես պարզվում է, չի եղել ոչ միայն հեղաշրջում, այլ նաև չեն եղել Իսկանդերներ։


Ռուսաստանի Գլխավոր շտաբը հերքել է Իսկանդերների օգտագործումը Ղարաբաղում։ Գլխավոր շտաբի ներկայացուցիչը հայտարարել է, որ ՌԴ ՊՆ տվյալներով, «այս տեսակի ոչ մի հրթիռային համակարգ Ղարաբաղի պատերազմի ժամանակ չի շահագործվել։ Ամբողջ զինամթերքը գտնվում է Հայաստանի ԶՈՒ պահեստներում։ Նա ասել է, որ «պարոն Փաշինյանին մոլորեցրել են»։

Դրդապատճառը պարզ է՝ եթե չկան Իսկանդերներ, չկան նաև անարդյունավետության մեջ կասկածելու փորձեր, իսկ դա շատ կարևոր է Ռուսաստանի համար։ Պուտինը 2017 թվականին ասում էր, որ ռուսական զենքը Սիրիայում հակաահեբչական գործողությունների ժամանակ ցույց է տալիս իր բարձր հուսալիությունը։ Ռուսաստանը չի կարող թույլ տալ, որպեսզի ռուսական զենքը «անհուսալիություն» ցուցաբերի Ղարաբաղում։ Առանց այդ էլ, Ռուսաստանի զենքի արտահանումը զգալիորեն նվազել է։

Հայաստանի դեմ հոգեբանական պատերազմը նոր թափ է ստանում։

Աղբյուր՝ https://www.lragir.am/2021/02/26/623797/