Արմեն Սարգսյանն առարկություններով հետ է վերադարձրել ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու հրամանագրի նախագիծը, կառավարությունը սակայն անմիջապես այն հետ է ուղարկել նախագահական, հայտարարելով, որ նախագահի առարկություններն անհիմն են։ Իր հերթին, նախագահի քայլը ոգեւորություն է առաջացրել «Հայրենիքի փրկության շարժման» շարքերում՝ հիմա կամ երբեք։
Ինչու ԳՇ-ն ընդվզեց այն բանից հետո, երբ պայթեց Իսկանդերի սկանդալը։ Եվ ոչ օրինակ ռազմական գործողությունների օրերին, կամ եռակողմ հայտարարությունից հետո, երբ ըստ 17-ի փրկիչների ու զինվորականների՝ Նիկոլ Փաշինյանն անհիմն, դավաճանական հրամաններ էր արձակում, երկիրը տանում պարտության եւ այլն։ Ով ով, բայց զինվորականները պետք է որ ներսից իմանային այդ մասին։
Նոյեմբերի 9-ից հետո «պարտության մեղքը եւ դավաճանությունը» մնում է ներհայկական դիմակայության միակ թեման, որը նյութական, քարոզչական ու շանտաժային բնույթի առատ սնուցում է ստանում Մոսկվայից։ Հայաստանի դեմ չդադարող քարոզչությունն, այդ թվում հայկական ազգանուններով պրոպագանդոնների, հատուկ ծառայությունների հետ կապված տելեգրամյան ալիքների ու հայաստանյան ռուսահայ մեդիայի միջոցներով, մատնում են Մոսկվայի անհանգստությունը։
Ռուսաստանը Ղարաբաղի պատերազմում ծանր քաղաքական, իմիջային ու ռազմական հարված է ստացել։ Դաշնակցին հանձնելու, պայմանագրային պարտավորություններից հրաժարվելու, սպառազինության հետ կապված հանգամանքները Մոսկվան փորձում է փոխհատուցել սաստիկ քարոզչությամբ եւ սպառնալիքներով։ 2016-ի եւ 2020-ի պատերազմները ցույց են տալիս (ընդ որում, այն ժամանակվա եւ ներկայիս քաղաքական ու ռազմական ղեկավարության հայտարարությունները դա են վկայում), որ Հայաստանին սպառազինության մատակարարումներին զուգահեռ Բաքվին երաշխիքներ են տրվել դրանց կիրառման իմաստով, իսկ հայ-ռուսական համատեղ ՀՕՊ-ն ու զորախումբը լրացուցիչ երաշխիքներ են հայկական նախաձեռնությունները զսպելու իմաստով։ Այսինքն, խնդիրը ոչ միայն ռուսական սպառազինության որակն է, այլեւ քաղաքական կողմը։
Դա ավելի ակնհայտ դրսեւորվեց 2020-ի պատերազմում։ Մոսկվան ցանկանում է իր վրայից գցել պատասխանատվությունը, միաժամանակ պահպանելով ազդեցությունը հայկական բանակի վրա։ Հատկապես բանակի պարագան խիստ կարեւոր է թուրքերի հետ ծրագրերն անխափան իրականացնելու համար, 2021-ին մարտ 16-ի պայմանագրի գործողության ժամկետի լրանալու նախօրեին։ Դա է պատճառը, որ Իսկանդերի մասին վարչապետի խոսքը «պայթեցրեց» իրավիճակը․ դա ակնարկ էր, որը Ռուսաստանում ճիշտ հասկացան, ի տարբերություն հայաստանյան անհեթեթ ու զավեշտալի արձագանքների։ Ընդ որում, հայ զինվորականների մեկնաբանություններն առավել քան տարօրինակ էին, մեղմ ասած։
Մոսկվան սպառնաց նոր պատերազմով, եթե Հայաստանը փորձի փոխել իր անվտանգային ու պաշտպանական քաղաքականությունը։ Դա իսկապես կյանքի ու մահվան հարց է ռուսների համար, սակայն այդպիսին է նաեւ Հայաստանի համար (սա էլ «հայ-ռուսական շահերի համընկնումը»)։ Եթե տեղի է ունենում մեր բանակի «վերականգնումը զուտ ռուսական խողովակով» եւ անտեսվում են ՆԱՏՕ-ի եւ այլ երկրների հետ ռազմական համագործակցության հնարավորությունները, դա նշանակում է զրկվել տեխնոլոգիական արդիականացման հնարավորություններից, թուրքական բանակի տեխնոլոգիական անընդհատ աճի պայմաններում։
Մինչ այդ, ռուսներին առայժմ հաջողվում է սրել ներքին դիմակայությունը Հայաստանում, կառավարության ապիկարության ու 17 ակնթարթների մոտիվացիայի պայմաններում։