ՀՀ Անվտանգության խորհուրդը, լինելով պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններ սահմանող մարմին, խստորեն դատապարտում է Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու բոլոր փորձերը, ասված ԱԽ գրասենյակի հայտարարության մեջ:
«ՀՀ Սահմանադրությունը հստակ սահմանում է Զինված ուժերի՝ քաղաքական գործընթացներին ներգրավվելու անթույլատրելիությունը, քաղաքացիական վերահսկողության ներքո գտնվելու հանգամանքը:
Օրենքի համաձայն՝ ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի՝ որպես բարձրագույն զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնող անձի նշանակման և ազատման առաջարկության հիմքում ընկած է Կառավարության ղեկավարի հայեցողությունը։
Ընդունելով, որ Սահմանադրության համաձայն, Հանրապետության նախագահը, որպես Սահմանադրության պահպանմանը հետևող կարևորագույն ինստիտուտ, ունի զինված ուժերի բնագավառում՝ զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը նշանակելու և ազատելու հայեցողական այլընտրանքային լիազորություն
Անվտանգության խորհուրդը Հանրապետության նախագահին առաջարկում է բավարարել ՀՀ վարչապետի` Գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու առաջարկությունը և ստորագրել համապատասխան հրամանագիրը», - ասված է ԱԽ հաղարդագրությունում:
Ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ զինված ուժերը պահանջել է ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, ինչին հաջորդել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերը, որի ժամանակ նա հայտնել էր՝ որոշում է կայացրել պաշտոնից ազատել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին, ինչի վերաբերյալ հրամանագիր էր ուղարկել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: Սակայն ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վերադարձրել է Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը: Սարգսանի այս որոշումը, սակայն, վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ընդունել և ևս մեկ անգամ լրացուցիչ հիմնավորումներով ԳՇ պետին աշխատանքից ազատելու հրամանագիր է ուղարկել ՀՀ նախագահին: