Հայաստանը Ռուսաստանի հետ քննարկում է օտարերկրացիների համար Արցախի տարածք մուտք գործելու նոր անցագրային ռեժիմի կազմակերպումը։ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել է Սփյուռքի հարցերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
Սինանյանը նշել է, որ այդ հարցը քննարկել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ հանդիպման ժամանակ:
«Մարդիկ, որոնք ռուսական կամ հայկական քաղաքացիություն չունեն, դրա հետ կապված խնդիրներ են ունենում։ Մենք հսկայական սփյուռք ունենք, նրանք սովոր են ամռանը գալ Հայաստան, սիրում են նաև Արցախ այցելել, և ահա այս ամռանը կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ շատ մարդիկ կցանկանան գնալ Արցախ, բայց չեն կարողանա դա անել այդ ռեժիմի պատճառով», — ասել է Սինանյանը:
Նրա խոսքով` խոսքն այն շրջանների մասին է, որոնք գտնվում են հայկական կողմի ու ռուս խաղաղապահների վերահսկողության տակ:
«Նոր կարգն այնպիսին է, որ պետք է հայտ ներկայացնել Հայաստանում Արցախի ներկայացուցչություն այցելելուց յոթ օր առաջ, այնուհետև ցուցակը փոխանցվում է ռուս խաղաղապահներին ու հետո որոշվում է, թե ով կարող է գալ, իսկ ով՝ ոչ», – պարզաբանել է Սինանյանը:
Նա ավելացրել է, որ համավարակից առաջ 2019-ին Արցախ են այցելել, ըստ տարբեր տվյալների, 30-50 հազար օտարերկրյա քաղաքացիներ։ «Այժմ հայտերը դեռ քիչ են, քանի որ համավարակը չի անցել, ու զբոսաշրջային սեզոնը չի սկսվել։ Բայց միևնույնն է, կան մարդիկ, որոնք ուզում են գնալ, մենք ունենք այն կազմակերպությունների ու մարդկանց ցուցակը, որոնց մուտքը մերժվել է», – նշել է Սինանյանը։