«Առավոտ» թերթն անդրադարձել է երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանի «Միասին» շարժման ճամբարում կիթառով «Բարով եկար սիրուն կռունկ» երգը կատարելուն:

«Վարչապետի այս երգը բուռն քննարկումների տեղիք է տվել սոցցանցերում: Մեկը գտնում է, որ սա վարչապետի հակա PR-ն է, քանի որ վարչապետը շատ անտաղանդ է երգում, մյուսը գտնում է, որ լավ էլ ձայնային տվյալներ ունի:

Ճշտելու համար, թե ինչպես է երգում վարչապետը, Aravot.am-ը հարցում արեց մասնագետից՝ «Արձագանք» խմբի հիմնադիր, երգահան Եղիշե Պետրոսյանից: Նա երգը լսելուց հետո ասաց. «Լավ է երգում վարչապետը, բավականին տաղանդավոր է: Իր վարչապետական թերությունները մի կողմ թողած՝ երգի ասպարեզում իր մոտ վատ չի ստացվում: Եթե մի քիչ ինձ փող տա՝ կդարձնեմ իրեն աստղ: Մեր շատ երգիչներից լավ է երգում, ասեմ: Ինքը գիտի ինչ է երգում եւ համոզմունքով էր երգում: Դա շատ կարեւոր է: Մի քիչ կաշկանդվածություն կար եւ այլն, բայց իր երաժշտական տվյալները կային, երեւաց, որ տվյալներ ունի»:

Մենք ճշտեցինք՝ ասացիք մի քիչ փող, եթե տա՝ կպարապեք իր հետ, ինչքա՞ն փող եք ուզում՝ Եղիշե Պետրոսյանը պատասխանեց. «Ոչ թե պարապել, կարելի է ներդրում անել նույնիսկ: Աստղ դարձնելու համար ինքը մյուսներից պետք է ավելի տա, որովհետեւ ավելի ունի: Բայց իր դեպքում ստուդիայի աշխատանքը քիչ կլինի, որովհետեւ նա երգելու այդ տաղանդն ունի»,-գրում է թերթը: