Իշխանությունը երբեք ու երբեք անգործ չի թողնի Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի պես «մեծ պահանջարկ ունեցող մարդու տեսակին, ընտրությունների ժամանակ համապատասխան թվեր ապահովող պրոֆեսիոնալին»: Այս մասին «Առավոտ» թերթին ասել է Սախորովի անվան մարդու իրավունքների գրասենյակի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանը: Ըստ նրա՝ ամենեւին էլ զարմանալ պետք չէր, եթե թիվ 38 ընտրատարածքում ՀՀԿ-ն որոշեր առաջադրել ոչ թե Կապանի նախկին քաղաքապետ, Սուրեն Խաչատրյանի նախկին օգնական Արմեն Կարապետյանին, այլ հենց նախկին մարզպետի թեկնածությունը: Պատճառը, իրավապաշռպան խոսքով, այն է, որ Լիսկայի տեսակը Ազգային ժողովում լի ու լի կա:

«Սյունիքի նախկին մարզպետի տեսակը չափից ավելի կարեւոր է այս իշխանությունների համար, ինքը պարզապես մարզպետ չէր, ով ինչ-ինչ իրադարձություններից հետո այլեւս ոչ մարզպետ է: Իր դերակատարումն ավելի մեծ է, որն, ինչ խոսք, անմիջական կապ ունի երկրի ղեկավարի հետ:

Ազգային ժողովը Լիսկայի համար շատ հարազատ մթնոլորտ է, որովհետեւ էդ տեսակը ԱԺ-ում լի ու լի կա: Էս տեսակը ցույց է տալիս, որ մեր իշխանությունները շահագրգռված չեն ունենալու Ազգային Ժողով՝ որպես իշխանության մկ առանձին, հիմնական մասը երեք իշխանություններից, որն ինքնուրույն է, պրոֆեսիոնալ, որն ի վիճակի է վերլուծելու, ի վիճակի է օրենսդրություն մշակելու, որն ի վիճակի է ներքին ու արտակքին տարբեր մարտահրավերների պատասխանելու»,-ասել է Սեյրան Մարտիրոսյանը: