Ինչպես հայտնի է, օգոստոսի 14-ին տեղի կունենա Ալբանիա-Հայաստան ընկերական հանդիպումը: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրավիրել էր 29 ֆուտբոլիստների: Հրավիրվածների թվում էր նաև իրանական «Ռահ Ահանի» պաշտպան Վալերի Ալեքսանյանը: Այսօր պարզ դարձավ, որ Ալեքսանյանը չի մասնակցի հավաքականի մարզական հավաքին վնասվածքի պատճառով:
«Վնասվածքս ստացա «Մալավանի» հետ հանդիպման վերջնամասում: Նախնական բուժզննման արդյունքում պարզվեց, որ կա ոսկրային վնասվածք: Այժմ անցնում եմ ֆիզիոթերապիայի կուրս, բնականաբար չեմ մարզվում: 4 օր անց ևս մեկ անգամ կստուգվեմ բժշկի մոտ, որից հետո վերջնական պարզ կդառնա վնասվածքի բնույթը»,- ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում նշեց Ալեքսանյանը:
Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նույնպես չի մասնակցի մարզական հավաքին, քանի որ դեռ ամբողջությամբ չի ապաքինվել վնասվածքից: Մխիթարյանը բաց կթողնի նաև Գերմանիայի առաջնության առաջին տուրի հանդիպումը «Աուգսբուրգի» հետ:
Հավաքական չի ժամանի նաև «Սիբիրի» հարձակվող Միխայիլ Մարկոսովը, քանի որ վերջինս խաղում է Ռուսաստանի ֆուտբոլի ազգային լիգայում և այլ երկրի հավաքականի կազմում հանդես գալու դեպքում իր ակումբում կսկսի համարվել լեգիոներ: