Վայոց ձորի փոխմարզպետ, գնդապետ Արայիկ Մուրադյանը դեռ օրեր առաջ է ցանկացել հրաժարականի դիմում ներկայացնել, բայց մարզպետը չի համաձայնել այն ընդունել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մուրադյանը՝ անդրադառնալով  ներկայացրած իր հրաժարականի դիմումին։Մուրադյանը նշեց, որ իր հրաժարականի պատճառը ԳՇ շուրջ ստեղծված իրավիճակն է։

«Ես ինձ համարում եմ իրենց զինակից ընկերներից մեկը։ Իրար հետ երկար տարիներ աշխատել ենք, բանակը ստեղծել ենք, իսկ այսօր ինձ համար վիրավորական է, երբ փորձում են բանակը ոտնահարել, փնովել, վարկաբեկել։ Ես սպասում էի, որ ինչ-որ մի ընթացք կլիներ, ու վերջ կտրվեր այդ ամենին։ Ինձ համար ցավալի է սա, դրա համար էլ նման որոշում ընդունեցի։ Ուշացած էր քայլս այն առումով, որ չէին համաձայնում ստորագրել, ինձ հետ բանակցում էին, ասում էին՝ ի՞նչ կլինի, մնա, ես էլ ասացի՝ չէ, ես իմ եղբայրների հետ պիտի լինեմ։ Ինձ հետ բանակցողը մարզպետն էր, ես իրենց էլ եմ հարգում եւ ընդունում, այնպես չէ, որ իրենցից վատ բան եմ տեսել, բայց դե իրավիճակն այդպիսին էր»,- ասաց Արայիկ Մուրադյանը։


Վարչապետի որոշմամբ՝ Արայիկ Մուրադյանը Վայոց ձորի մարզպետի տեղակալ էր նշանակվել 2020թ. հոկտեմբերի 29-ին։ Նա մինչեւ այդ զբաղեցնում էր Արարատի մարզի զինվորական կոմիսարի պաշտոնը։ Իր նշանակման մասին Մուրադյանը չի իմացել։ Նա սեպտեմբերի 29-ից իր ջոկատով գործուղվել է Արցախ՝ մասնակցել պատերազմական գործողություններին, որի ընթացքում՝ հոկտեմբերի 30-ին, հակառակորդի կողմից ստացել է բեկորային վիրավորում եւ միայն Կապանի հիվանդանոցում է իմացել իր նշանակման մասին։

«Ասացի՝ եթե նպատակահարմար են գտել, ուրեմն լավ»,- նշեց նա։

Մեկ շաբաթ առաջ, երբ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբը պահանջեց վարչապետի ու կառավարության հրաժարականը, Նիկոլ Փաշինյանը դա համարեց ռազմական հեղաշրջման փորձ։

«Սա հեղաշրջման փորձ չէր, մենք պետք է այնպես անենք, որ բանակը ոտքի կանգնի, առանց այդ էլ․․․․ Ես ձեռնափայտով եմ ման գալիս, երբ ինձ հարցնում են՝ ի՞նչ է եղել, ասում եմ, որ վթարի եմ ենթարկվել, ինձ համար ամոթ է, որ ասեմ՝ վիրավորվել եմ։ Տղաներիցս մեկը հիմա զինվոր է, մյուսն էլ ինձ հետ մարտի դաշտ էր եկել, բայց որ հիմա տեսնում եմ հիվանդանոցում պառկած տղաներին, ես մեղմ ասած՝ ցավում եմ։ Հիմա պետք է ամեն ինչ անենք, որ ոտքի կանգնենք, գոնե գլուխներս փոքր-ինչ բարձրացնենք, ամոթ է։ 30 տարի է՝ գլուխս բարձր էի քայլում, որովհետեւ հաղթած բանակի գնդապետ էի, հիմա ինչի՞ նմանվեց, մեր բանակը փորձում են փնովել, հողին հավասարեցնել, իբր՝ պատրաստ չէինք, պատրաստ չլինեինք՝ այդքան զոհ չէինք տա կամ ինչ ունենք, որ պատրաստ չլինեինք։ Բանակի մարտունակությունը արժե՞ այդ ձեւով փնովել, այն երեխաներին, որոնք զոհվել են, ու որոշների դիակներն էլ չկան։ Չեմ ուզում խառնվեմ քաղաքականությանը, եթե ինձ հիմա էլ հրաման տան, որ ես իմ թոփալ ոտքով գնամ ինչ-որ խնդիր կատարեմ, ես կգնամ ու իմ առաջ դրած խնդիրը 100% կկատարեմ»,- ասաց գնդապետը։

Արայիկ Մուրադյանն արցախյան առաջին պատերազմի մասնակից է։ Նա Սյունիքի մարզի Բռնակոթ համայնքից է։ Մենք նաեւ հետաքրքվեցինք, թե ինչպե՞ս է վերաբերվում ռազմական գործողություններից հետո Սյունիքում սահմանազատմանը, ադրբեջանցիներին որոշ դիրքեր զիջելուն։Մուրադյանը տեղի ունեցածը սխալ է համարում։

«Ես պառկած տեղից զանգում էի, ասում՝ տղերք, խփեք։ Ասացի՝ գնացեք, մտեք, վերցրեք, ես էլ կգամ, կկազմակերպենք, մենք սահմանի վրա կնստենք, թող իրենք սահմանից 500 մետր էն կողմ լինեն, ինչի՞ համար հենց սահմանի վրա, դե ասում է՝ գալիս, ասում են՝ եթե հետ չկանգնեք, մեկ ժամից կկրակենք, կվառենք, ասում է՝ չենք ուզում ընդհարումներ լինեն, դիակները դուրս բերելու հետ կապված խնդիրներ չառաջանան»,- պատմեց Մուրադյանը։

Գնդապետը ստեղծված իրավիճակում կոչ է անում համախմբվել եւ կորցրածը հետ բերելու մասին մտածել։

«Ինձ չի հետաքրքրում, թե ով է ուզում իշխանության գալ, ով՝ ոչ։ Իմ նպատակն այն է, որ միանանք, կանգնենք, գնանք վրեժխնդիր լինենք»,- շեշտեց նա։

Ինչ վերաբերում է պատերազմի մութ կողմերին, խոսակցություններին, որ Շուշին ու Հադրութը հանձվել են, Արայիկ Մուրադյանը չհամաձայնեց այդ տեսակետների հետ, ու հավելեց, որ անփորձ մարդիկ շատ էին, որոնք խուճապ էին առաջացնում։

«Չեմ կարծում, որ նման բան կլիներ, կամ իշխանություններն այսպիսի բան կանեին, ուղղակի սկզբից խուճապ տարածվեց աշխարհազորայինների մոտ, ժամկետային զինվորներն ու սպաները ոչ մի քայլ չնահանջեցին։ Խուճապը ԱԹՍ-ների հետ կապված էր, երբ խփում էին, ինչ-որ մեկն էլ առանց դա լսելու կամ տեսնելու գնում էր ու ասում, որ էնտեղ վառում, կոտորում են, դրա համար էլ խուճապ առաջացավ»,- ասաց նա։

Նշենք՝ ավելի վաղ Արայիկ Մուրադյանը հայտարարել էր, որ միանում է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի հայտարարությանը, իր զորակցությունն էր հայտնել ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանին և հայտնել, որ հրաժարական է տվել։