Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ պարբերաբար գիշերում է Կարակասում գտնվող հեղափոխության թանգարանի մոտ, որտեղ գտնվում է Ուգո Չավեսի գերեզմանը: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը:

Մադուրոյի խոսքերով նա բազմիցս երեկոյան այցելել է թանգարանի շենքի մոտ և մնացել է այնտեղ գիշերելու: Երբեմն նրա հետ Չավեսի սարկոֆագի մոտ գիշերելու են եկել նաև Մադուրոյի մերձավորները:«Գիշերները մենք այստեղ հաճախ քննարկում ենք տարբեր հարցեր»,- նշել է Վենեսուելայի նախագահը:

Մադուրոն առաջին անգամ չէ, որ պատմում է Չավեսի նկատմամբ ունեցեծ իր հատուկ վերաբերմունքի մասին: Այսպես, նա ապրիլին հայտարարել էր, որ հանգուցյալ նախագահը այցի է եկել նրան թռչունի տեսքով և օրհնել է նրա մասնակցությունը նախագահական ընտրություններին: Հունիսին նա նման հայտարարություն էր կատարել` նշելով, որ Չավեսը կրկին թռչունի տեսքով եկել և հավանության է արժանացրել իր աշխատանքը:

Հիշեցնենք, որ Վենեսուելան 14 տարվա ընթացքում կառավարած Ուգո Չավեսը մահացել է 2013 թվականի մարտին: Սկզբում որոշում էր ընդունվել զմռսել նրան և տեղադրել դամբարանում, սակայն հետագայում որոշում էր ընդունվել նախկին նախագահին թաղել սև մարմարե սարկաֆագի մեջ հեղափոխության թանգարանում: