Եթե պլանավորված է, որ Տավուշի մարզից պետք է անկլավային տարածքներ հանձնվեն Ադրբեջանին, ադրբեջանական կողմն էլ պետք է վերադարձնի մեր տարածքները։ Այս մասին Lragir.am-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Բերքաբեր համայնքի նախկին ղեկավար Արթուր Մադաթյանը։ Նրա խոսքով՝ կոնկրետ Բերքաբերը Ադրբեջանի հատվածում ունի 860 հա հեկտար հող, որոնք թշնամին է մշակում այսօր։


«Հիմա անորոշ վիճակներ են լրիվ, բայց ամեն դեպքում, եթե պիտի հանձնեն, ջրամբարի մյուս ափին Բերքաբերը 860 հեկտար հող ունի Ադրբեջանի ձեռքն ընկած։ Էդ պիտի հետ տան։ Եթե պիտի Ադրբեջանի հողերը հետ վերցնեն, դա էլ պիտի մեզ տան, ինչի՞ մասին է խոսքը, հենց այնպես ոչինչ չպետք է տալ»,- ասաց Մադաթյանը;

Նշենք, որ այսօր Տավուշի մարզի բնակիչները փակել էին Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը: Նրանք պահանջում էին հանդիպում Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ, որպեսզի հստակ պատասխան տրվի, թե ինչ խնդիրներ կան Տավուշի համայնքների, սահմանների հետ կապված։ Մարզի բնակիչները պահանջում են իրենց հստակ պատասխան տալ հայկական վերահսկողության տակ գտնվող Բարխուդարլուի և մյուս անկլավային տարածքների կարգավիճակի ու հետագա ճակատագրի վերաբերյալ։

Տավուշի Աչաջուր համայնքի ղեկավար Կարեն Ղալթաղչյանը մեզ հետ զրույցում ասաց, որ պաշտոնական ոչ մի տեղեկություն չունեն՝ արդյոք այլ որոշում կա այդ տարածքների վերաբերյալ, թե ոչ։ «Ժողովուրդն ամեն մեկն իրենց կարծիքն են ասում, բայց մենք ինչ-որ տվյալ ունե՞նք դրա մասին։ Իմ իմանալով՝ ոչ մի խնդիր չկա այդ տարածքների հետ, ընդամենը ժողովուրդն է խոսում, որ իբր տալու են այդ տարածքները։ Իմ իմանալով՝ ամեն ինչ նորմալ է, սաղ խառնվել են իրար, բայց ոչ մի բան չկա։ Իհարկե, այդ տարածքները չպետք է տալ»,- ասաց համայնքի ղեկավարը։

Տավուշի Այգեհովիտ համայնքի ղեկավար Լևոն Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց. «Իսկ ո՞վ է ասում, որ այդ հարցերը քննարկվում են։ Ստատուս քվոն պահպանվում է, որևէ փոփոխություն չկա։ Հիմա նստենք ենթադրություններո՞վ ապրենք, այս պահի դրությամբ ոչ մի տեղաշարժ չկա, այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը»։

Աղբյուր՝ https://www.lragir.am/2021/03/09/626077/